Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Չեխիան արգելում է ՌԴ քաղաքացիների մուտքը կարճաժամկետ շենգենյան վիզաներով

1479
Չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2022 թ., 22:42
Չեխիան արգելում է ՌԴ քաղաքացիների մուտքը կարճաժամկետ շենգենյան վիզաներով

Հոկտեմբերի 25-ից Չեխիան արգելում է ՌԴ քաղաքացիների մուտքը կարճաժամկետ շենգենյան վիզաներով։ Այս մասին հայտարարել է Չեխիայի ԱԳՆ ղեկավար Յան Լիպավսկին։

Նրա խոսքով՝ մինչ Ուկրաինայում «ռուսական հրթիռներն ընկնում են խաղահրապարակների և աշխատանքի գնացող մարդկանց վրա, ամեն օր միջազգային օդանավակայանով Չեխիա է մտնում Ռուսաստանի մինչև 200 քաղաքացի»։

«Ուստի մենք պայմանավորվել ենք արգելել մուտքը Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր մուտք են գործում Չեխիայի տարածք արտաքին Շենգենյան սահմանով, ներառյալ մեր միջազգային օդանավակայանը, զբոսաշրջության, սպորտի կամ մշակութային նպատակներով: Այս միջոցը կտարածվի ճանապարհորդների վրա ԵՄ անդամ ցանկացած երկրի կողմից տրված գործող Շենգեն վիզայով»,- ասել է նա։ Չեխիան այսպիսով միացավ մերձբալթյան երկրներին, Լեհաստանին և Ֆինլանդիային, որոնք նախկինում փակել էին իրենց սահմանները ռուս զբոսաշրջիկների համար։

Սեպտեմբերի սկզբին ԵՄ երկրները որոշեցին կասեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։ Դա հանգեցրեց վիզայի վճարի թանկացման՝ 35-ից հասնելով 80 եվրոյի, լրացուցիչ փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտության, վիզայի տրամադրման ժամանակի ավելացման և բազմակի վիզաների տրամադրման կանոնների խստացման։

Եվրոհանձնաժողովի առաջարկությունների համաձայն, Ռուսաստանի քաղաքացիների վիզայի դիմումները քննարկելիս առաջարկվում է ավելի ցածր առաջնահերթություն տալ նրանց, ովքեր ԵՄ մեկնելու էական պատճառ չունեն։ ԵՄ երկրներին նաև խորհուրդ է տրվում ուշադիր ստուգել Ռուսաստանի քաղաքացիների բոլոր դիմումները և ձեռնպահ մնալ երկարաժամկետ վավերականությամբ բազմակի մուտքի արտոնագրերի տրամադրումից՝ «վստահության բացակայության պատճառով: