Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 10 դեկտեմբերի, 2022 թ.

«ԵՄ մոնիթորինգային առաքելության ներգրավվման մասով որոշակի համաձայնության հասնելը հույժ կարևոր է». Գայանե Աբրահամյան

392
Շաբաթ, 08 հոկտեմբերի, 2022 թ., 02:36
«ԵՄ մոնիթորինգային առաքելության ներգրավվման մասով որոշակի համաձայնության հասնելը հույժ կարևոր է». Գայանե Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Պրահյան հանդիպման հայտարարությունն ունի և՛ դրական կողմ, և՛ խիստ մտահոգիչ, բայց սրան դեռ մանրամասն կանդրադառնամ առաջիկայում։ ԵՄ մոնիթորինգային առաքելության ներգրավվման մասով որոշակի համաձայնության հասնելը հույժ կարևոր է, որի առաջարկն արել էինք դեռ մայիսի 12-ից ի վեր ու երկար ժամանակ այդ ազդակները միայն քաղհասարակությունից էին հասնում ԵՄ կառույցներին, ցավոք։ Այսօր այս հարցը վերջապես թափ է հավաքում, չնայած իրագործման, առաքելության քանակի, մանդատի և այլ հարցեր բաց են ու խիստ անորոշ, բայց գոնե սեղանին է ու սա այս պահին թերևս փոքր երաշխիք է, որ որոշակիորեն կզսպի Ադրբեջանի անսանձ ախորժակը։

Բայց ուզում եմ անդրադառնալ մեկ այլ հարցի, աշխատանքային ծանրաբեռնվածությունս չափազանց շատ է ու հաճախ ֆեյսբուքյան տարածք չեմ մտնում, իսկ այն ինչ տեսա առավոտյան իրապես ցավալի էր՝ երեկվա համատարած ծաղրը...

Այս օրհասական ծանր իրավիճակում, անտանելի բարդ բանակցություններում երկրի ղեկավարն իր անձը չէր ներկայացնում, այլ՝ մեր ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԲՈԼՈՐԻՍ, անկախ այն բանից, թե ընդունում ենք, ատում ենք, նզովում, թե նողկում անձից, պետք է կարողանանք տարանջատել անձը տվյալ կարևորագույն ինստիտուտից։

Այո՛, կան խնդիրներ, մարմնի լեզու ասվածն այդպես էլ չեն սովորում ճիշտ կիրառել, սրանք տարրական բաներ են, չափազանց կարևոր և խոսուն այսպիսի հանդիպումների, բանակցությունների ժամանակ, բայց երկրի ներսում նման ծաղր, այն էլ այս գոյութենական պայքարի պահերին, պարզապես անընդունելի է։ Հազարապատիկ լրջանալու պահն էլ բաց թողեցինք...

Հ. Գ. Երեկվանից այս գիրքս նորից վերընթերցում եմ ու որքան դեռ սովորելիք ունեն, բայց ժամանակ չկա այլևս»: