Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 10 դեկտեմբերի, 2022 թ.

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանը հրաժարվել է ստորագրել Տարոն Մանուկյանի՝ ԵՊՀ-ից հեռացման հրամանի տակ

362
Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ., 19:12
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանը հրաժարվել է ստորագրել Տարոն Մանուկյանի՝ ԵՊՀ-ից հեռացման հրամանի տակ

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրել է. «Ուսուցչի օրը ստիպված եմ գրառում անել ուսանողի մասին, քանի որ այսօր ստացա Արևելագիտության ֆակուլտետի ուսանող, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից, սակայն ներկայումս քրեական գործով կալանավորված Տարոն Մանուկյանի հեռացման հրամանը: Այդ թեմայով ցանկանում եմ որոշ արձանագրումներ և պարզաբանումներ անել. Տարոն Մանուկյանը մասնակցել է դասընթացներին, սակայն չի կարողացել հանձնել քննությունները, քանի որ արդեն կալանավորված է եղել: Այդ խնդրի հետ կապված մեր դիրքորոշումը եղել է հստակ և ես արել եմ համապատասխան քայլեր: Նախ՝ կալանավայրում գտնվող Տարոնին ուղարկել եմ անհրաժեշտ գրականությունը, իսկ այնուհետև տեսնելով, որ խափանման միջոցը չի փոխվում և մոտենում է քննությունների լուծարքային շրջանը՝ զեկուցագրով դիմել եմ ռեկտորատ և հայտնել, որ արևելագիտության ֆակուլտետի դասախոսները և ես անձամբ պատրաստ ենք Տարոնի քննությունները ընդունել կալանավայրում՝ տեսակցությունների համար նախատեսվող տարածքում: Ինձ մոտ տպավորություն է, որ սկսվեց բյուրոկրատական գործընթաց, իսկ հետո բյուրոկրատական քաշքշուկ արդեն ԵՊՀ-ից դուրս՝ համապատասխան նախարարություններում: Իմ առաջարկը՝ քննությունները անցկացնել կալանավայրում, ըստ էության, մերժվեց՝ տարբեր պատճառաբանություններով: Դեպքերի նման դասավորվածության հետևանքով պարզ էր, որ Տարոն Մանուկյանը կհեռացվի համալսարանից: Հավաստիացնում եմ, որ Տարոնի գիտելիքները նրան թույլ են տալիս ոչ թե հավակնել բավարար, այլ ավելի բարձր գնահատականների և այստեղ հիմնական խնդիրն էր հնարավորություն ստեղծել, որպեսզի նա կարողանա հանձնել 3-րդ կուրսի քննությունները և փոխադրվի 4-րդ կուրս, իսկ դատաքննության ընթացքից արդեն պարզ կդառնային հետագա գործողությունները և նրա՝ որպես ուսանողի, կարգավիճակի պահպանումը: Ինչևիցե, Տարոնը կկորցնի մեկ ուսումնական տարի և հետո կշարունակի ուսումը, սակայն ոմանք կորցրեցին իրենց դեմքը վերջնականապես և խղճի այն փշրանքները, որոնք երևի դեռ մնացել էին:

Հ.Գ. Ի դեպ, որպես դեկան ես հրաժարվել եմ ստորագրել Տարոն Մանուկյանի ԵՊՀ-ից հեռացման հրամանի տակ այդպիսով ևս մեկ անգամ հայտնելով իմ անհամաձայնությունը»:

Հիշեցնենք, որ Տարոն Մանուկյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է, կանալավորված է «Գյումրու տարեցների» գործով։

Աղբյուրը`   Ռուբեն Մելքոնյան