Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.

Հղի կնոջ վրաերթի գործով հաստատված է համարվել ՃՈ հրամանատարի մեղավորությունը. Դատախազություն

393
Երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ., 19:48
Հղի կնոջ վրաերթի գործով հաստատված է համարվել ՃՈ հրամանատարի մեղավորությունը. Դատախազություն

Սոնա Մնացականյանին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու փաստի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվում է. այն կուղարկվի դատարան՝ ըստ էության քննության: Նշված դեպքի առթիվ կատարված նախաքննությամբ վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար Ա. Ն.-ն, գտնվելով ծառայության մեջ, իրեն ամրակցված «Տոյոտա Պրադո» մակնիշի, 505 II 01 հաշվառման համարանիշի ծառայողական ավտոմեքենայով 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18։19-ին, հատուկ շարասյան տրանսպորտային միջոցների ուղեկցում իրականացնելիս, թույլ է տվել մի շարք խախտումներ: Մասնավորապես, թույլ է տվել Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված Ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի, 2006 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1467-Ն որոշմամբ հաստատված հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգի 28-րդ կետի, ինչպես նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրություն և ավտոմեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում իր ընթացքի ուղղությամբ՝ ձախից դեպի աջ հանգիստ քայլերով հետիոտնային նշագծումների վրայով Պարոնյան փողոցը հատող հետիոտն Սոնա Մնացականյանին, որի արդյունքում վերջինիս անզգուշությամբ պատճառվել է մահ: Այնուհետև, Ա. Ն.-ն, խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել։ Միաժամանակ, նշված քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, քննարկելով 2022 թվականի սեպտեմբերի 26-ին Երևան քաղաքի դատախազությունում ստացված՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկի երթևեկությունը կարգավորող Արամ Լորսաբյանի, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցի ուղեկցման շարասյան ղեկավար Արթուր Սահակյանի, շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավար Գրիգորի Առաքելյանի և տուժող Սոնա Մնացականյանի նկատմամբ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով նախկին Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին քննիչի միջնորդությունը, այն բավարարել է՝ գտնելով, որ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների և ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտը կարգավորող իրավանորմերի համակողմանի ուսումնաիրության արդյունքում հաստատվել է, որ վրաերթի նախորդող պահին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկը կարգավորող Ա. Լ.-ն գտնվել է ՃԵԿ-ի 16-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգավորման դիրքով և կատարել է նույն կանոնների 17-րդ կետի պահանջներից բխող գործողություններ, այսինքն՝ Ա. Լ.-ի կողմից պահպանվել են ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, որպիսի պայմաններում նրա արարքում բացակայում է նախկին Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը։ Անդրադառնալով Գ. Ա.-ի և Ա. Ս.-ի գործողություններին՝ դատախազն իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի դիսպոզիցիան պետք է դիտարկել և դրա որոշակիությունը գնահատել ճանապարհային երթևեկության մասնակիցների գործողությունները կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտի՝ «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ավտոտրանսպորտային շարասյունների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» Կառավարության 18.08.2006թ.-ի թիվ 1467-Ն որոշման շրջանակներում, համաձայն որի հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ժամանակ շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարն ու շարասյան ղեկավարը (ուղեկցող խմբի ավագը) անձնական պատասխանատվություն են կրում երթևեկության սահմանված արագության պահպանման համար: Սակայն նշված որոշումը բովանդակում է սոսկ ընդհանուր բնույթի պահանջ՝ երթևեկության սահմանված արագության պահպանման համար՝ առանց սահմանելու այն իրագործելու հստակ մեխանիզմները, այսինքն՝ չկա օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտերով կանոնակարգված այնպիսի նորմ, որը կսահմանի անձանց, տվյալ դեպքում՝ Գ.Ա.-ի և Ա.Ս.-ի վրա դրված պարտականության իրականացման կառուցակարգը։ Մինչդեռ, անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության այնպիսի արարքի համար, որն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով: Այսինքն, առկա է օրենսդրական բաց այն առումով, որ սահմանված չէ «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ավտոտրանսպորտային շարասյունների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» Կառավարության 18.08.2006թվականի թիվ 1467-Ն որոշման 18-րդ հոդվածով սահմանված պարտականության իրականացման կարգը, որպիսի պայմաններում իրավակիրառողը զրկված է համապատասխան գործողությունների հակաօրինականությունը գնահատելու, ուստի և պատասխանատու անձանց արարքում տվյալ հանցակազմի առկայությունը հաստատելու օբյեկտիվ հնարավորությունից: Հետևաբար, Ա. Ս.-ի և Գ. Ա.-ի գործողությունները դիտարկելով քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների, վերը շարադրված իրավակարգավորումների լույսի ներքո՝ հաստատված է համարվել, որ վերջիններիս արարքներում բացակայում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմը:

Միաժամանակ, նույն որոշմամբ դատախազն արձանագրել է, որ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալները վկայում են այն մասին, որ տուժող Սոնա Մնացականյանը փողոցի երթևեկելի մասը հատել է հետիոտնի համար նախատեսված անցումով, կանաչ լույսի առկայությամբ, և միևնույն ժամանակ ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք կհաստատեին, որ վերջինիս համար տեսանելի և ընկալելի են եղել կանաչ լուսի առկայությամբ ճանապարհի հատումը արգելելու վերաբերյալ կարգավորի գործողությունները, որպիսի պայմաններում նրա արարքում բացակայում են նախկին Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմի հատկանիշները։