Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ պետդեպը վերահաստատել է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը

696
Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ., 10:26
ԱՄՆ պետդեպը վերահաստատել է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը

Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու գործընթացում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ վերահաստատելով սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը։

Նա նշել է, որ կովկասյան բանակցությունների հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ակտիվորեն ներգրավված է գործընթացում։ «Նա, իհարկե, նախորդ շաբաթ պետքարտուղարի հետ էր՝ Նյու Յորքում, մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր եռակողմ հանդիպմանը։ Վերջերս Հարավային Կովկասում էր, որտեղ անձամբ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա ակտիվորեն ներգրավված է գործընթացում»,- հայտնել է Փրայսը։

Նա հիշեցրել է, որ գործընթացին ակտիվորեն ներգրավված է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ով կապի մեջ է Հայասստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև արտգործնախարարների հետ։ Փրայսը հիշեցրել է նաև վերջերս Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման մասին։ «Մենք տարբեր մակարդակներով, այդ թվում և մի քանի խողովակներով, ներգրավված ենք՝ վերահաստատելու լարվածությունը թուլացնելու և զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը»,- ասել է Փրայսը։