Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 10 դեկտեմբերի, 2022 թ.

«Պետք չէ վարդագույն պատկերներ ստեղծել, թե մեզ իր դաշնակցային գրկում սպասում է արևմտյան աշխարհը». Հ. Բադալյան

410
Չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2022 թ., 02:12
«Պետք չէ վարդագույն պատկերներ ստեղծել, թե մեզ իր դաշնակցային գրկում սպասում է արևմտյան աշխարհը». Հ. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մակրոնին ցիտելիս արժե ուշադրություն դարձնել մի հանգամանքի՝ «Ֆրանսիան Հայաստանի կողքին է» գրեթե ավանդականի բացակայությանը:
Եվ մի բացակայություն էլ: 2020 թվականի պատերազմը ավարտվել է (իրականում շարունակվում) է ոչ միայն ռեգիոնում ռուսական ռազմական ներկայության ընդլայնումով, այլ նաև թուրքական: Ինչո՞ւ Ֆրանսիայի նախագահը չի խոսում ռազմական ներկայության ընդլայնման այդ ծավալի մասին:
Արդյո՞ք այն պատճառով, որ 2020 թվականի պատերազմը դե ֆակտո ավարտվել է ռեգիոնում ռուսական ռազմական ներկայության կրճատմամբ, եթե հաշվի առնենք այն, որ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները մինչ այդ լինելով հայկական վերահսկողության ներքո, գործնականում նաև ռուսական ռազմական ներկայության տիրույթ էին՝ այնքանով, որքանով Ռուսաստանը ռազմա-քաղաքական ազդեցություն ուներ Հայաստանի վրա:
Այդ պատճառով է, որ մի շարք անգամներ խոսել եմ, որ 2020 թվականի պատերազմը ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի ռազմա-քաղաքական պարտություն էր ռեգիոնում:
Այդ մասին խոսակցությունը բոլորովին չի նշանակում, թե Ռուսաստանը լավն էր, բայց պարտվեց, թե Ռուսաստանը «անմասն էր հայերիս արյունից»: Ոչ, բայց քաղաքական գործընթացները պետք է կարողանանք գնահատել հնարավորինս խորը, որպեսզի կարողանանք նաև մոոտենալ հնարավորինս արդյունավետ դիրքորոշումների և քայլերի:
Ռուսաստանը պարտվել է, բայց բնական է, որ այդ պարտությունը չէր կարող արտահայտվել այնպես, ինչպես կարտահայտվեր Հայաստանի պարտությունը: Բնական է, որ ռուսական պրոպագանդան իր թե ռուսապաշտ, թե հակառուս սեգմենտներով լծվելու էր մի գործի՝ ցույց տալ, որ Ռուսաստանը չի պարտվել: Կայսրության համար հոգ չէ, չէ, թե Հայաստանի հանրության մի զգալի մաս իրեն կգնահատի «դավաճան»: Կայսրության գլխավոր հոգսն այն է, որ «ենթակա» գոտիներում չարձանագրեն իր պարտությունը: Երկու տարի Ռուսաստանը Հայաստանի հանդեպ լուծում է իր այդ խնդիրը, թե ռուսապաշտությամբ, թե հակառուսականությամբ:
Կրկնեմ, կներեք՝ բայց ուշ կամ վատ հասկացող հայրենակիցների համար, որ սա Ռուսաստանի «անմեղության» մասին չէ, սա Ռուսաստանի «պարտության» մասին է, որ թե ինքը, թե մնացյալ բոլորը երկու տարի փորձում են մեզ վրա «վաճառել» իբրև հաղթանակ: Իսկ ի՞նչն է այդտեղ վտանգավոր: Վտանգավոր է այն, որ Ռուսաստանին այստեղ չտանեն ևս մի պարտության, որը դարձյալ պետք է տեղի ունենա մեր հաշվին: Եվ պետք չէ վարդագույն պատկերներ ստեղծել, թե մեզ իր դաշնակցային գիրկը բացել և սպասում է արևմտյան աշխարհը: Ոչ, այդ աշխարհին Կովկասում պետք է սուբյեկտ, որի միջոցով հարկ եղած դեպքում հնարավոր կլինի Ռուսաստանին մատնել հերթական պարտության՝ հարկ եղած և հնարավոր դեպքում:
Այսօր լրանում է մեր գլխին ընկած աղետի երկրորդ տարելիցը: Սովորաբար ցավը ստիպում է փակել աչքերը, բայց մեր այս ցավը մեզ պետք է ստիպի բացել թե աչքերը և տեսադաշտը, որովհետև դրանից է կախված, թե մենք որքան արդյունավետ կաշխատենք բոլորի հետ:
Հ.Գ. կրկնեմ, և խնդրեմ, այս գրառման տակ չգալ Ռուսաստանի կամ որևէ մեկի հանդեպ երկրպագության կամ ատելության դրսևորումներով: Կան հենց աայդ ամենի համար ձևավորված առատ պատեր, արտահայտվեք այդտեղ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան