Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Պետք է վերացնենք պառակտումը». Արման Թաթոյան

283
Երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ., 12:24
«Պետք է վերացնենք պառակտումը». Արման Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը սանձազերծեց արցախյան 44-օրյա արյունալի պատերազմը՝ թուրքական զինված ուժերի, ինչպես նաև վարձկան ահաբեկիչների ու ջիհադիստների անմիջական մասնակցությամբ:

Այս պատերազմն առաջինից մինչև վերջին պահն ընթացավ Արցախի խաղաղ բնակավայրերի զանգվածային ավերումներով, Հայաստանի նկատմամբ հարձակումներով, այն պատճառ դարձավ տասնյակ հազարավոր տեղահանվածների ու մարդկային ճակատագրերի խեղումների, հազարավոր զոհերի, այդ թվում՝ սպանվեցին խաղաղ բնակիչներ, բազմաթիվ խոշտանգումների, տանջանքների ու այլ վայրագությունների:

Ցավոք, պատերազմից հետո այս արհավիրքի վտանգը սաստկացել է, քանի որ չի վերացել մեր Հայրենիքը ոչնչացնելու ադրբեջանական-թուրքական նպատակը: Դա ապացուցվեց 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի նկատմամբ նոր հարձակումներով ու պատերազմական նոր հանցանքներով:

Բայց հանուն այս կենսական վտանգների դեմ պայքարի, հանուն մեր սեփական իրավունքների ու մեր Հայրենիքի՝ պետք է լինենք համերաշխ առավել քան երբևէ և վերացնենք պառակտումը:

Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը:

Պետք է մեր խոսքով ու գործով արժանի լինենք Հայրենիքին, մեր արժանապատվության ու ամեն օրվա համար կյանքը զոհած հերոսների հիշատակին:

Հրեշավոր պատերազմական հանցանքերի, հայատյացության հովանավորության համար ադրբեջանական իշխանությունները, այդ հանցանքները կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առանց դրա իրական խաղաղություն հնարավոր չէ հաստատել: Ադրբեջանական բարձրագույն իշխանությունն ինքն է հպարտանում, որ հայերի նկատմամբ ատելությամբ լցված սերունդներ են մեծացնում:

Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան հանուն Հայրենիքի՝ խաղաղ ու զարգացող երկիր, ամուր պետականություն ունենալու երազանքով»:

Աղբյուրը`   Արման Թաթոյան