Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Սիսիանի 34/06 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը չի տիրապետում իրավիճակին. «Անկախ դիտորդ»

190
Կիրակի, 25 սեպտեմբերի, 2022 թ., 10:30
Սիսիանի 34/06 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը չի տիրապետում իրավիճակին. «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդը» 49 խմբերով (մոտ 100 դիտորդ) դիտարկում է տարբեր մարզերում ընթացող ՏԻՄ ընտրությունները։
Արձանագրված խախտումների մասին հրապարակումները ներկայացված են «Անկախ դիտորդի» Telegram-ալիքում։

Ստորև՝ դրանցից մի քանիսը.

Սիսիանի 34/06 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը դիտորդներին չի թույլատրում ուսումնասիրել գրանցամատյանը, բոլոր հորդորներին պատասխանում է «ձեր գործը չի», «դուրս եկեք տարածքից» արտահայտություններով:

Բացի դա, ընտրատեղամասում են գտնվում վկայականներ չկրող անձինք: Փաստացի, հանձնաժողովի նախագահը չի տիրապետում իրավիճակին և չգիտի իր լիազորություններն ու պարտականությունները:

***

Քաջարանի 35/01 ընտրատեղամասում դիտորդներին թույլ չեն տվել մուտք գործել ընտրատեղամաս: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, թե չի թույլատրվում նույն առաքելությունից երկու դիտորդների ներկայությունը ընտրատեղամասում:

Ուշագրավ է, որ հանձնաժողովի նախագահի սխալ պարզաբանումը հաստատել են նաև Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից: Խնդիրը հանգուցալուծվել է միայն իրավաբանի միջամտությունից հետո:

***

Ալավերդիի 24/15 ընտրատեղամասում ոստիկանը ներկա է գտնվել հանձնաժողովի առավոտյան նիստին, ինչի իրավունքը չուներ:

***

Սիսիանի 34/02 ընտրատեղամասում ոստիկանը հրաժարվել է արձագանքել տարածքում մարդկանց կուտակումների վերաբերյալ դիտորդների ահազանգին՝ պատճառաբանելով, թե ընտրատեղամասի մոտ թույլատրվում է մինչև 15 հոգու ներկա գտնվելը:

Աղբյուրը`   Անկախ դիտորդ