Երևան`   +28 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

«Փաստորեն պատրա՞ստ է Ալիևից ստացած քարտեզով առաջնորդվել ՀՀ գոյության առումով». Նարինե Դիլբարյան

215
Ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2022 թ., 13:36
«Փաստորեն պատրա՞ստ է Ալիևից ստացած քարտեզով առաջնորդվել ՀՀ գոյության առումով». Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Հերթական իջեցված-տապալված նշաձողերը ամենաբարձր միջազգային ատյանում՝ ՄԱԿ-ում. Ա. ոչ մի հիշատակում, որ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ անդամ է դարձել միջազգայնորեն ճանաչված սահմաններում, փոխարենը հռետորական լալահառաչ աղերս Ալիևից, թե «կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն»։ Պարզվում է՝ ՔՊ վարչապետը պատրա՞ստ է Ալիևից ստացած քարտեզով առաջնորդվել ՀՀ գոյության առումով, սպառվա՞ծ են հայկական քաղաքական, պետական, պատմական, քարտեզագիտական և մշակութային փաստարկները, Բ. Արցախի կարգավիճակի մասին արդեն ոչ մի խոսք, ոչ մի հիշատակում ՄԱԿ-ի ատյանում, որ արցախահայությունը ՄԱԿ-ի միջազգայնորեն ճանաչված հիմնարար սկզբունքներից մեկի՝ ազգերի ինքնորոշման կիրառմամբ դուրս է եկել ցեղասպան Ադրբեջանի կազմից, ապա «անջատում հանուն փրկության» բանաձևով փորձում է պահպանել իր գոյության իրավունքը շարունակական էթնիկ զտումների, մշակությային ջարդի և զավթողական պատերազմների ընթացքում: ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը և ՅՈՒՆԵՍԿՈ-ի առաքելությունը միայն պետք է ապահովե՞ն Արցախահայության անվտանգությունը և իրավունքները, 0 կետին ենք վերադառնում, ո՞ւմ ենք խաբում:
Հ.Գ. Փաշինյանի ճառագրին՝ խորհրդային շրջանի հանճարեղ գրոտեսկային վեպերի հեղինակ Իլֆի և Պետրովի «Ոսկե հորթը» վեպից աղվաղված մեջբերումը՝ «Ինչո՞ւ են սպանել արքայազն Համլետին» բացարձակ անհասկանալի ու անհաջող էր ձևակերպված՝ մեծ կոմբինատոր Օստապ Բենդերը՝ Քաջ Նազարի կերպարի արդիականցված տեսակը, որն այդպես հրատապ է, Ալիևին այնքան էլ չի թիրախավորում, նա ծրագրային համակարգ է, ոչ թյուրիմացություն, համաթուրանականության իրագործող: Իսկ Օստապ Իբրահիմովիչ Բենդերը վեպի «Բաղդադ» գլխում հեգնում էր՝ ասելով. անկապ ջիհադ հայտարարենք, օրինակ, Դանիային «ինչո՞ւ դանիացիները տանջահար արեցին իրենց արքայազն Համլետին» պատրվակով, ապա նշում Ազգերի լիգան ներկա քաղաքական դասավորության մեջ կբավարարվի պատերազմի այս պատրվակին, Անգլիան միլիոն ինքնաձիգ կվաճառի ցեղերին, Գերմանիան ռեպարացիաների հաշվին սահմանը կբացի և՝ մարշ, մարշ: Հիմա Փաշինյանը ևս վստա՞հ է, որ ՄԱԿ-ը, Գերմանիան, Անգլիան Դանիայի, իմա՝ Հայաստանի դեմ պատերազմի ազեր-թրքական պատճառաբանությանը կհավատան-կաջակցեն, դե՛հ, թող ասեր պարզ: Թե չէ, միայն տարածաշրջանային անվտանգության պատասխանատուները...»:

Աղբյուրը`   Նարինե Դիլբարյան