Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 01 հոկտեմբերի, 2022 թ.

Ռուսաստանը միշտ եղել է և կլինի եղբայրական Հայաստանի կողքին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

235
Չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ., 13:18
Ռուսաստանը միշտ եղել է և կլինի եղբայրական Հայաստանի կողքին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առիթով՝ ընդգծելով, որ ՌԴ-ն մտադիր է շարունակել նպաստել հայ ժողովրդի անվտանգության ամրապնդմանը:

Դեսպանության հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Շնորհավորում ենք Հայաստանի քաղաքացիներին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Մեր եղբայրական Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, դժվար ժամանակներ է ապրում: Փորձությունները, կորստի ցավն այն է, ինչն այսօր միավորում է մեր ժողովուրդներին, ինչպես նաև՝ դարավոր սերտ կապերը, ընդհանուր պատմական ճակատագրերը, արժեքները և խորը ազգային շահերը։ Դա ապացուցել է պատմությունը, դրա մասին են վկայում այսօրվա իրողությունները։ Սա հանդիսանում է մեր դաշնակցային հարաբերությունների հիմքը, որն, անկասկած, Ռուսաստանը փայփայում է»,-ասված է հայտարարությունում:

Նաև ընդգծվում է, որ ՌԴ-ն նպաստում է և մտադիր է շարունակել նպաստել Հայաստանի տնտեսական բարգավաճմանը, իրական ինքնիշխանությանը և հայ ժողովրդի անվտանգության ամրապնդմանը, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության օրակարգը խթանելու հետևողական, շատ դժվար և ժամանակատար աշխատանքի միջոցով:

«Մենք ձեզ հետ միասին ցավում ենք կորուստների համար և հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունը: Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և վստահություն ապագայի նկատմամբ։ Ռուսաստանը միշտ եղել է և կլինի մեր եղբայրական երկրի կողքին՝ և ոչ թե խոսքով, այլ գործով»,-շեշտել են դեսպանությունից: