Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2022 թ.

«Հիմա՛ է ժամանակը, որ խորհրդարանական ընդդիմությունն իր օրակարգով գնա ԱԺ». Վահե Հովհաննիսյան

286
Երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ., 15:12
«Հիմա՛ է ժամանակը, որ խորհրդարանական ընդդիմությունն իր օրակարգով գնա ԱԺ». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածը. «Ըստ իս, հիմա՛ է հենց ժամանակը, որ խորհրդարանական ընդդիմությունը գնա ԱԺ իր օրակարգով։ Բազմաչարչար «սեփական օրակարգի» պահն է։ Պետք է անցկացնել փակ նիստ, հրավիրել գործող վարչապետին, արտգործնախարարին, ՊՆ-ին և խոսել։ Խոսել հանգիստ և առարկայական՝ առանց վիրավորելով իրար։

Վ. Օսկանյանի հարցադրումը պետք է ստանա օրակարգային որակ։ Հարցադրումը հստակ է. Պուտինի ներկայությամբ, բանավոր եղանակով, միջանցք և այլ բաներ խոստացե՞լ ես։ Գոնե մեկ դահլիճի սահմաններում սա պետք է պարզվի։ Սա շատ կարևոր է նաև ՔՊ-ի համար։ Ըստ Օսկանյանի՝ եթե չի խոստացել, ապա պետք է հայտարարվի դրա մասին, եթե խոստացել է, ապա արդեն լրիվ ուրիշ վիճակ է։

Ինչո՞ւ է կարևոր հիմա՛ ընդդիմության և իշխանության աշխատանքային կոնտակտը: Սա թույլ կտա՝ հասկանալ, արդյո՞ք ռացիոնալ հատիկ կա վերը նշված երեք անտագոնիստ մոտեցումների՝ թուղթ ստորագրել-չստորագրելու, միջանցք տալու-չտալու և «ալարմիստների» պատկերացումների միջև, հնարավո՞ր են արդյոք ռացիոնալ որոշումներ, կա՞ն տարբերակներ, որոնք չեն հանգեցնի պատերազմի, բայց և չեն բերի ազգային շահերի անվերադարձ կորստի։ Գուցե կան, գուցե՝ չկան։ Բայց դա կիմացվի միայն բանակցային ինֆորմացիայի տիրապետման և խորքային վերլուծության արդյունքում։ Մնացածը դարձյալ բամբասանք է։

Ու նաև ա՛յդ իմաստով է շատ կարևոր, որ ՔՊ-ն և ընդդիմությունը միասին, նույն դահլիճում, առանց տեսախցիկների, լսեն պարզաբանումները, որի առանցքում Վ. Օսկանյանի հարցադրումն է։

Դրանից հետո պետք է խոսել ժողովրդի հետ։ Փաստարկված և առարկայական ուղերձները թույլ կտան՝ ժողովրդին հանել փելոսիական էյֆորիայից, միտումնավոր ուղղորդվող հակառուսական տրամադրություններից և անտարբեր զոհի կարգավիճակից»։