Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել». Էդմոն Մարուքյան

483
Երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ., 10:06
«Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել». Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակել են շփման գծի տարբեր ուղղություններով, իսկ իրենք քայլեր են ձեռնարկել, ինչից հետո կրակը լռեցվել է:

Բնականաբար, հայկական կողմի համապատասխան պաշտպանական գերատեսչությունները հերքում են այդ լուրերը՝ նշելով, որ հայկական կողմի որևէ զինվորական օղակ կրակ չի բացել Ադրբեջանի ուղղությամբ:

Շատերն են հարցնում, թե ինչու է Ադրբեջանն այս ապատեղեկատվությունը կազմակերպված և հետևողականորեն իրականացնում. մենք բոլորս գիտենք, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը:

Միջազգային հանրության բոլոր դերակատարները, ովքեր հետաքրքրված են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետևեն և հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել։

Այս իրավիճակում միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը»:

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան