Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Ալիևին առաջին հերթին պետք է արձագանքեն ՄԽ համանախագահները»․ Ստյոպա Սաֆարյան

460
Շաբաթ, 13 օգոստոսի, 2022 թ., 23:48
«Ալիևին առաջին հերթին պետք է արձագանքեն ՄԽ համանախագահները»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․ «Ապշերոնի սուլթանը հայտարարեl է, թե «Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա կարգավիճակ, անկախություն, հատուկ արտոնություններ։ Նրանք կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ պաշտպանված կլինեն նրանց իրավունքները։ Սա է միակ ճանապարհը»։

Սա բավականին սադրող հայտարարություն է, թեպետ բովանդակային առումով այն ամենևին նորություն չէ՝ Ալիևը դա ասել է տասնամյակներով, երբ հորից ժառանգել է իշխանությունը։ Իհարկե, թե՛ դրանից հետո, թե՛ պատերազմից հետո ոչ մեկ (ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ հայաստանյան ընդդիմությունը, որը սիրում է պատերազմի պատասխանատվության բեռը դնել հայկական կողմի վրա) նրան անարգանքի սյունին չի գամել նման հայտարարություններով բանակցություններն ուղղակիորեն փակուղի մտցենելու համար, ինչպես որ դա ոմանք փորձեցին անել Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության համար, որը, հանուն արդարության, նույնիսկ չէր էլ արվել արցախյան խնդրի կարգավորման տեսլական ներկայացնելիս, այլ 2018թ․ հեղափոխության արժեքաբանական առումով Հայաստանի ու Արցախի նույնականության համատեքստում։

Իսկ սա էական հանգմանաք է, քանի որ բանակցային գործըթնացը ունեցել է մի շարք չգրված կանոններ, ինչպես՝ «ոչինչ համաձայնեցված չէ, թե ամեն ինչ համաձայնեցված չէ», «համանախագահներից ոչ մեկ չի կարող ռազմական կոնտինգենտ ունենալ խաղաղպահ ուժերում», «բանակցությունների վարում՝ առանց կանխորոշելու դրանց արդյունքները» և այլն։ Թվարկվածներից ոչ մեկ չի եղել գրավոր ձևակերպված որևէ թղթի վրա, սակայն համարվել է առանցքային պայմանավորվածություն համանախագահների, կողմերի միջև։ Սակայն այդ չգրված, բայց առկա կանոններից աեռաջինը խախտեց հենց Ալիևը, ով բանակցում էր, սեղանի շուրջ ինչ-որ ինքնորոշման իրավունքներից էին ակնարկում, սակայն հենց դուրս էր գալիս բանակցային սենյակից, հայտարարում էր, թե Արցախը անկախ կարգավիճակ չի ունենալու։ Եվ այդ ամենը կուլ տրվեց թե՛ հայկական կողմից, թե՛ միջազգային հանրության կողմից, որն ամենավտանգավորն էր։ Ալիևը դա արեց տասնամյակով, ոչ մեկ նրան չնստեցրեց մեղադրյալի աթոռին ու պատասխան չպահանջեց, թե ինչու է խախտում բանակցային կանոնների շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը՝ «բանակցություններ առանց կանխորոշելու արդյունքը»։ Իսկ հայկական կողմը խոնարհ հարսի նման պահել է այդ կանոնը, երբեք չասելով, թե ինչ կարգավիճակ կունենա Հայաստանը, սակայն կիսաձայն ձևակերպելով, թե «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», այսինքն՝ սոսկ պատասխան Ադրբեջանի սուլթանի հոխորտանքներին, բայց ոչ երբեք լիարժեք տեսլական հայկական Արցախյան քաղաքականության համար։

Այո՛, թերևս դրա խախտում էր Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը, որի այլ կոնտեքստում ասված լինելու մասին խոսվեց վերը, սակայն այն չմարսվեց․ ավելին, փորձեցին ոմանք դրսում ու ներսում ներկայացնել, թե Հայաստանը դրանով սադրեց պատերազմը, մոռանալով, որ Ալիևը դրա ադրբեջանական համարժեքն արել է տասնամյակով ու մարսել է․․․
Ինչևէ, այժմ ալիևը կրկին անում է սադրիչ հայտարարություն, որի նպատակն է փակել Արցախյան խնդիրն իսպառ ու իր դիրքորոշումը դարձնել դեռևս անպտուղ բանակցվող «Խաղաղության պայմանագրի» անկյունաքար, բայց նաև մյուս առումով սադրում է, որպեսզի Երևանն ինքը փակի բանակցությունները՝ ստանձնելով ապակառուցողականության պատասխանատվությունը։ Բավական խորամանկ իրավիճակ է ստեղծել՝ հակադրվել, կնշանակի Ալիևին տալ կրկին ուժային լուծման գնալու առիթ, չպատասխանել՝ կնշանակի լռելայն համաձայնել նրա թելադրանքին։

Ստեփանակերտը պատասխանել է ԱԳ նախարարի շուրթերով։ Դա լավ է։ Երևանը պետք է լուծի Ալիևին պատասխանելու ճկուն, դիվանագիտական ձևակերպմամբ հստակ պատասխանելու խնդիրը, և դիրքորոշման հիմքում պետք է ընկած լինեն մի քանի կարևոր հանգամանքների հաշվառումն ու որոշ առանցքային որոշակիացումները․
1․ գիտակցումը, որ Ալիևի այս նետած ձեռնոցը որոշակիորեն, ինչ-որ չափով կամ մեկ երեսով դեմ չէ ռուսական ստրատեգիային, որը, ինչպես մեկ առիթով արդեն գրել եմ, շահագրգռված է Արցախյան խնդրի միջազգայնացման փաթեթի բոլոր կոմպոնենտները վերանան, և մնա մեկ փաթեթ՝ ռուսական պլանի փաթեթը, որի հետ համակերպվեն բոլորը՝ հայկական կողմից մինչև արևմտյան համանախագահներ։ Ըստ այդմ՝ հայկական կողմի արձագանքը մասամբ պետք է որևէ կերպ ներառի ռուսական ստրատեգիայի մյուս կողմը, որը չի համընկանում Ալիևի դիրքորոշման հետ՝ որով Արցախի կարգավիճակի հարց գոյություն ունի, բայց եթե ոչ ներկայի, ապա ապագայի համար։ Թե ինչպես սա նրբորեն կձևակերպվի, սա արդեն այստեղ քննարկելու հարց չէ։
2․ Ալիևին առաջին հերթին պետք է արձագանքեն ՄԽ համանախագահները՝ հիշեցնելով բանակցությունների չգրված, բայց գոյություն ունեցող պայմանները, այդ թվում՝ «առանց վերջնարդյունքի կանխորոշման բանակցություններ վարելու սկզբունքը», որի մասին բոլորը խնամքով մոռացել են․․․ Իսկ առանց բանակցությունների կանոնների շուրջ պայմանավորվածությունների բանակցություններ չեն վարվում։ Սա դասագրքային ճշմարտություն է, այլապես առանց կաննոների բանակցությունները դառնալու են առանց կանոնների մարտեր, երբ դու շախմատ ես խաղալու, իսկ դիմացինդ՝ բոքս․․․ Այս կոնտեքստում կարևոր է, որպեսզի ներքին կոմունիկացիներով հայկական կողմը բոլորից ճշտի թե ինչ է նշանակում պատերազմից հետո խորհրդավոր ձևակերպումը՝ «լուծել հակամարտությունից մնացած ու պատերազմից ծագած խնդիրները» որպես նոր փաթեթ, ավելի ստույգ՝ այդ փաթեթի բաղադրիչները, որի մեջ մնում է հենց տարածաշրջանի կարգավիճակի/միջազգային անվտանգության հարցը, կամ միգուցե այլևս չկա նման կոմպոնենտ, ուղղակի մենք չենք ցանկանում դա ճանաչել, մինչդեռ բոլորը ճանաչում են․․․ Եթե այս հարցերը դետալային ճշգրտվեն, հասկանալի կդառնա, թե բանակցություններում փաթեթի որ բաղադրիչի հարցում ով է Հայաստանի գործընկերը, ում հետ շահային ընդհանրություն կա և ով կարող է տվյալ խնդրով փակել սուլթանի բերանը․․․
3․Այդուհանդերձ, եթե Երևանը ձևակերպի իր դիրքորոշումը, միջազգային միջնորդների արձագանքը Ալիևի այս սադրիչ հայտարարությանը պարտադիր է, այլապես դրա անտեսումը անպատժելիություն է ձևավորելու, և բանակցությունների համար ձևավերոլելու է ոչ ամենևին բարենպաստ միջավայր, մանավանդե որ տեղից էլ տարածաշրջանում ու դրանից դուրս զարգացումները ամենևին էլ երազած փոփոխությունները չեն․․․
Ասելքի շատ կա, բայց ոչ այստեղ ասելու համար։
Հուսով եմ՝ իշխանություններն իրենք կգիտակցեն երքին ու արտաքին լայն խորհրդակցությունների անհրաժեշտությունը այս խնդիրներով։ Թեպետ դա պետք է տեսանելի ու զգալի լիներ երեկվանից․․․»։

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան