Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

Մահացել է Սեյրան Սարոյանը

256
Շաբաթ, 13 օգոստոսի, 2022 թ., 07:30
Մահացել է Սեյրան Սարոյանը

Մահացել է գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան (Սեդրակ) Սարոյանը։ Նա առողջական խնդիրներ ուներ, տևական ժամանակ բուժվում էր Հայաստանի և արտերկրի բուժհաստատություններում: Սարոյանը մահացել է «Իզմիրլյան» ԲԿ-ում:

Սեյրան Սարոյանը ծնվել է 1967թ. սեպտեմբերի 3-ին Էջմիածնի շրջանի Հայկաշեն գյուղում:

1993թ. ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 1996թ.՝ Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիական դասընթացները, 2001թ.՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները: 2006թ. ավարտել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան՝ «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ:

1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից է: 1989թ. ստեղծել է կամավորական ջոկատ, պաշտպանել Հայաստանի սահմանամերձ շրջանները, մարտնչել Արցախի ազատագրության համար: Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը և օպերատիվ խումբը մարտնչել են Քելբաջարի, Կուբաթլիի, Զանգելանի ազատագրման ճակատամարտերում: 1993-2007թթ. եղել է ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար:

2000թ. նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալ» (1994թ.), «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի (1996թ.) և «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի (2006թ.) մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Մարշալ Բաղրամյան» (1997թ.), «Դրաստամատ Կանայան» (2002թ.), «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի (2003թ., 2004թ.) մեդալներով:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 19 ընտրատարածքից:

Ամուսնացած էր, ունի երկու երեխա:

Սարոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Վաղարշապատում: Հուղարկավորությունն օգոստոսի 15-ին է՝ ծննդավայր Հայկաշենում։