Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Եթե ընտանիքիս հետ դեպք տեղի ունենա, ապա այն կազմակերպված է Նիկոլ Փաշինյանի հրահանգով»․ Պ․ Մակեյան

475
Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ., 19:30
«Եթե ընտանիքիս հետ դեպք տեղի ունենա, ապա այն կազմակերպված է Նիկոլ Փաշինյանի հրահանգով»․ Պ․ Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահազանգ գլխավոր դատախազին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության և նրա, հանրության համար անտեսանելի, մարդկային որակների մասին առիթ ունեցել եմ բարձրաձայնել։

2019 թ-ից բարեկամաբար քննադատություններին նույն թվականի հոկտեբերի 28-ին ԱԱԾ-ն ուղղորդվեց իմ ընտանիքի վրա, ինչն այլ կերպ չես որակի, քան ահաբեկչություն, այնուհետև՝ 2021 թ-ին մեր ընդհանուր ընկերների միջոցով ինձ հասկացնում էին՝ լռեմ, ավելի ուշ նախաձեռնվեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության կազմաքանդման գործընթացը և դա այն դեպքում, երբ այդ կուսակցությունը տարիներ շարունակ աջակցել է իր քաղաքական գործունեությանը։

Ի պատասխան պահանջեցի Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի իմ վերջին 5 տարվա /2016-2020թթ/ 10 տոկոսի շահաբաժինը, ինչպես նաև նույն ՍՊԸ-ի հետ կապված ի հայտ եկած ապօրինությունների և կոռուպցիոն դրսևորումների մասով հայցադիմումով դիմեցի դատարան, որին ամեն ձևով խոչընդոտում են՝ վարույթ ընդունել և սկսել դատաքննություն։ Արդյունքում՝ կրկին գործի են դրել «հատուկ ծառայություններին», որոնք իրենց գործակալական ցանցի միջոցով սադրանքներ ու սրիկայություններ են կազմակերպում իմ ընտանիքի նկատմամբ՝ հասկացնելով, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իմ համար։ Պատահական չէ, որ վերջին օրերին չինական մեսիջներ են հղում՝ երկու անգամ թունավորման միջոցով կենդանիներին սատկացնելով։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ դիմում եմ գլխավոր դատախազին, եթե իմ ընտանիքի հետ որևէ արտառոց դեպք տեղի ունենա, ապա այն կազմակերպված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով կամ նրան հաճոյանալու համար իրավապահ համակարգի շրջանակում ձևավորված «հատուկ խմբավորումների» կողմից, որոնք զբաղվում են վարչապետի ընդդիմախոսներին և հակառակորդների նկատմամբ գործ սարքելով ու ահաբեկելով։

Խնդրում եմ գլխավոր դատախազին վերոշարադրյալն ընդունել որպես հաղորդում նախապատրաստվող հանցագործության մասին։

Հ․ Գ․ 1996թ-ից ունեցել եմ ընդդիմադիր դիրքորոշում, իսկ 1998թ-ից 2018թ-ը եղել եմ արմատական ընդդիմություն գործող ռեժիմների դեմ, որի հետևանքով 1997թ-ի նոյեմբերից սկսվեց քաղաքական հետապնդումները և քրեական գործեր սարքելու գործընթացը, որը շարունակվեց երկու տասնամյակ, մասնավորապես՝ 2000 թ-ի Մեղրիի հնարավոր գործարքը կանխելու գործընթացներից հետո իմ նկատմամբ իրականացվեց մահափորձ, 2001թ-ի սեպտեմբերին «Արմենտելի» ապօրինությունների և սակագների կտրուկ բարձրացման դեմ կազմակերպված հանրահավաքից հետո առաջին անգամ տասնօրյա վարչական կալանքի ենթարկվեցի, այնուհետև առգրավվեց և յուրացվեց մեր կուսակցության կենտրոնական գրասենյակը, թիրախավորվել և հալածանքի են ենթարկվել կուսակցության անդամները, հարազատներս, իմ ընտանիքը, տասնյակ քրեական գործեր են հարուցվել՝ անցնելով մարտի 1-ի դժոխքով, 16 ամիս պահելով անազատության մեջ։

Այնուամենայնիվ, նման հայտարարությամբ հանդես չեմ եկել, որովհետև երկրում ամեն ինչ համակարգվել է մեկ կենտրոնից, և բոլորը հասկանում էին՝ ինչ ճակատագիր կարող էր ունենալ իրական ընդդիմությունը, ցավոք նույնը հիմա փորձում է վերականգնել Նիկոլ Փաշինյանը, ինչը դեռևս չի հաջողվում և իշխանությունը վերածվել է անկառավարելի այլասերված ռեժիմի։

Այս ահազանգի հիմնական հասցեատերը նաև նրանք են, ովքեր դեռևս կուրորեն հավատում են Նիկոլին՝ նպատակը, որպեսզի վերջիններս սթափվեն ու հասկանան, որ 2018 թ-ին մերժելով նախկիններին, հիմա ավելի վատ այլասերված համակարգի ձևավորման են մասնակցում՝ անուղղակի աջակցելով պետականության հնարավոր կորստին։

Հ․ Գ․ Մեկ տարուց ավել թշնամին ներխուժել է մեր ինքնիշխան տարածք, Արցախը և սահմաններն ամեն շաբաթ ագրեսիայի են ենթարկվում՝ ուղեկցելով զոհերով ու վիրավորներով, որին գումարվում է նաև ոչ կանոնակարգային հարաբերություններից զոհերը, երկիրը գտնվում է արտակարգ իրավիճակում, բայց դա չի խանգարում, որ իշխանության ներկայացուցիչներն իրենց հանգիստը կազմակերպեն, իսկ վարչապետը նույնիսկ 7-8 ժամ կարող է տրամադրել անհասկանալի ձևաչափով այսպես կոչված արտախորհրդարանական կուսակցությունների հետ հանդիպման համար, անգամ ժամանակ է գտնում իր ընդդիմադիրների ու քննադատողների նկատմամբ հետապնդումները վերահսկել և ուղղորդել»։

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան