Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Միջազգային օրինական խաղաղապահներ պետք է մտցվեն Արցախ». ԱԺԲ

335
Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ., 15:24
«Միջազգային օրինական խաղաղապահներ պետք է մտցվեն Արցախ». ԱԺԲ

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել. «Հայկական իշխանությունները՝ հակառակ Հայաստանի Հանրապետության՝ ներառյալ Բերձորի և Աղավնոյի բնակչության կամքի՝ շուտափույթ հանձնում են Բերձորը, Սուս և Աղավնո գյուղերը։ Սրանք պարզ գյուղեր չեն։ Բացի հայրենիք լինելուց՝ սրանք Սյունիքի դարպասներն են և այս հանձնումով՝ Սյունիքի մուտքն այլևս ամբողջությամբ բացվում է թշնամու առջև։ Բերձորի հայաթափումը նաև ողջ Արցախի հայաթափման առաջին քայլն է։
Երևանյան և ստեփանակերտյան ռեժիմների՝ բացահայտորեն դավաճանական գործողությունները ռուս-ադրբեջանա-թուրքական պլանի կատարողականն են և ուղղված են Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնման առաջին փուլն անցնցում իրականացնելուն։
Դա նաև Ռուսաստանի տեսլականում իր համար կենսական ճանապարհի՝ Ռուսաստան-Թուրքիա ցամաքային միակ անցուղու բացման նախերգանքն է, որ պուտինյան Կրեմլը պլանավորում է իրականացնել Մեղրու կործանարար միջանցքի միջոցով։
Իրականում չկա ոչ մի միջազգային ճնշում, ոչ մի պարտավորություն հայկական կողմի համար՝ հանձնելու Սյունիքի արցախյան դարպասները թշնամուն։ Եվ Բերձորի (Լաչինի) միջանցքը Կոռնիձորի միջանցքով փոխարինելը զուտ ռուս-թուրքական նախագիծ է, որ միևնույն է՝ չպետք է ենթադրեր Բերձորի հանձնում թշնամուն։ Բերձորի, Սուսի և Աղվնոյի վերահսկողության՝ ադրբեջանական կողմին հանձնելու ոչ մի անհրաժեշտություն չկա, ոչ մի բացատրություն չի կարող ոչ միայն լեգիտիմ, այլև՝ տրամաբանական լինել։
Սակայն հայկական ոչ միայն պատմական, այլև իրավական տարածքի այս հայաթափումն առաջինն է իր բնույթով, երբ հայկական իշխանություններն ամեն ինչ անում են, դիմում անգամ ճնշումների՝ որպեսզի Հայաստանի մի հատվածը ենթարկվի էթնիկ զտման։ Սա ցեղասպանության տարատեսակ է, երբ համաշխարհային պատմության մեջ իր նախադեպը չունեցող հանգամանքով՝ սեփական կառավարությունը սեփական էթնիկ խմբին՝ հանուն թշնամու ենթարկում է էթնիկ զտման և աքսորի՝ ըստ էության՝ սպիտակ ջարդի։
Ռուսական օկուպացիոն զորքերն Արցախում ամեն կերպ նպաստում են էթնիկ զտման ցեղասպանական այս գործողություններին և հերթական անգամ ապացուցում են իրենց անհավատարմությունն իրենց առաքելության հայտարարած նպատակին և ոգուն։ Հայկական բանակի վերնախավը շարունակում է հլու-հնազանդ գործիք մնալ դավաճանական ռեժիմի ձեռքում։
Հետևաբար՝ Ազգային-Ժողովրդավարական Բևեռը ստեղծված իրավիճակում ելքը դարձյալ տեսնում է օրինական մանդատով օժտված միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման մեջ։ Ինչպես նաև՝ Բերձորի շրջանում ստատուս քվոյի պահպանման անհրաժեշտության բարձրաձայնման մեջ։
Ներկայիս գործող իշխանությունը պարտավոր է դիմել Մինսկի խմբի մնացյալ անդամներին սույն պահանջով։ Հակառակ դեպքում հետևող աղետալի դեպքերի ողջ պատասխանատվությունը ի հավելումն այս իրավիճակի ստեղծման պատսխանատվության՝ ևս ընկնելու է իր ուսերին։
Ռուսական զորքերը պետք է հեռանան։
Արցախ պետք է միջազգային օրինական խաղաղապահներ մտցվեն։
Բերձորը, Սուսն ու Աղավնոն չպետք է հանձնվեն»:

Աղբյուրը`   ԱԺԲ խորհուրդ