Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՊՆ-ում կադրային փոփոխություններ են․ «Հրապարակ»

301
Չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2022 թ., 10:00
ՊՆ-ում կադրային փոփոխություններ են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոշ տեղեկություններով, շաբաթներ առաջ Դիլիջան գնալիս ճանապարհին տհաճ իրավիճակում է հայտնվել, բենզալցակայանի աշխատակիցը մատ է ցույց տվել նախարարին: Վերջինիս ցուցումով ոստիկաններ են ժամանել դեպքի վայր և կալանավորել տղային։ Նախարարն ավելի ուշ պարզել է, որ տղայի հայրը ՊՆ գնդապետ է, մարտական ուղի անցած, նախկինում Քելբաջարի զորամասի հրամանատար Հրայր Աթոյանը։ Նրա վերաբերյալ անմիջապես զորացրման հրաման է արձակել և ազատել պահեստազորից ու նրա փոխարեն նշանակել գնդապետ Վիգեն Սիմոնյանին, որը Ջերմուկի մայիսյան դեպքերի ժամանակ իր կաբինետից անգամ դուրս չի եկել, անգամ երբ Սիմոնյանի ենթակայությամբ զորամասի զինվորներին ադրբեջանցիները ճիպոտներով ծեծել են: Փոխարենը նա իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունի:
Նախարարության մեր աղբյուրներն ասում են՝ Պապիկյանը ՊՆ համակարգ է բերում և սպայական կոչումներ շնորհում անգամ նրանց, ովքեր ժամանակին իր՝ պատմության կրկնուսույց ուսուցչի մոտ պարապած դիմորդներն են եղել և շատ հեռու են բանակից ու զինծառայությունից: Նրանցից ոմանք նաև զինվորական կոչումներ են ստանում: Նրանցից մեկն էլ գնդապետ Արմեն Սեյրանյանի որդին է: Ի դեպ, Սեյրանյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի 2021 թվականի պահանջագիրը ստորագրողներից էր, բայց քանի որ նրա որդին ժամանակին պարապել էր Սուրեն Պապիկյանի մոտ, նրան ներեցին այդ ստորագրությունը:

Փորձեցինք ՊՆ խոսնակից այս փաստական տվյալների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ, մասնավորապես հարցրեցինք՝ Հրայր Աթոյանը կոնկրետ երբ և ինչ պատճառով է ազատվել ծառայությունից, խոսնակը խոստացավ պատասխանել: Սակայն ավելի ուշ պահանջեց գրավոր ներկայացնել հարցերը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում