Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ.

«Րաֆֆին, Համբարձումը, Լևոնն ու Նիկոլը». Ռոբերտ Մարգարյան

122
Շաբաթ, 06 օգոստոսի, 2022 թ., 11:12
«Րաֆֆին, Համբարձումը, Լևոնն ու Նիկոլը». Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Րաֆֆին, Համբարձումը, Լևոնն ու Նիկոլը

Երբ հայտարարվեց թե արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ, հավանաբար ձեզանից որոշներն էլ ինձ պես զարմացած բացականչեցին. «Իյա, իրո՞ք, Րաֆֆի Հովհաննիսյանի՞»:
Զարմանքի պատճառը շատ պարզ է ու բացատրության կարիք չունի:
Եթե կազմելու լինենք Արցախում «ռևանշի» դիմելու ընդունակ հայ քաղաքական գործիչների ցուցակը, Րաֆֆի Հովհաննիսյանը լավագույն դեպքում զբաղեցնելու է ցանկի ամենավերջին հորիզոնականները:
Անկեղծ ասած նույն օրը որոշել էի այդ մասին գրել: Հետո գրածս ջնջեցի ու գերադասեցի մի քանի օր սպասել: Բայց ինչպես ասում են՝ «ուրբաթը շաբաթից շուտ եկավ»:
Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած մամուլի ասուլիսն ու այդտեղ հնչեցված մի շարք հայտարարություններ հիմք են ծառայում ենթադրելու, թե ինչո՞ւ պիտի արգելվեր ոչ միայն Արցախի, նույնիսկ Հայաստանի քաղաքական դաշտում զրո ազդեցություն ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ:
Մինչև մի քանի օր առաջ քանի՞սդ էիք հիշում Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, իսկ ինչպես ինքը հայտարարեց իր ասուլիսում օգոստոսի 8-ին կանգնելու է հրապարակում: Այլ խոսքով հրապարակում նոր փրկիչ է հայտնվում:
Եվ դա նրանից հետո, երբ ընդդիմությունը պատրաստվում է սեպտեմբերից նոր թափ հաղորդել «Դիմադրության» շարժմանը:
Սցենարը ծանո՞թ չի:
Հիշում էք, չէ՞։ Ընդդիմությունը հայտարարել էր, թե ապրիլի 25-ից մեկնարկելու է «Դիմադրության» շարժումը, իսկ հանկարծ ապրիլի 17-ին նույն հրապարակում հայտնվեց Արթուր Վանեցյանը, ով նստացույց էր անելու ու տուն չէր գնալու մինչև նիկոլին վռնդելը: Թէ ինչ եղավ ու այսօր ով որտեղ է կանգնած, կարծում եմ հավելյալ բացատրության կարիք չունի:
Ի դեպ, այս սցենարը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, մի փոքր տարբերությամբ էլի էր կրկնվել: Հիշում էք, չէ՞, թե ով առաջինը լքեց «Հայրենիքի փրկության շարժում»-ը, սեղմեց նիկոլի ձեռքն ու նրա հետ ընտրությունների գնալով օգնեց նրա վերարտադրմանն ու լեգիտիմացմանը:
Սա, այ՛ո, կարող էր դավադրության տեսության ժանրից հավակնություն թվալ եթե Րաֆֆի Հոնհաննիսյանը չհաղթահարելով իր ներքին ձայնին չընթերցեր այն անունների ցուցակը, որոնց ինքը պատկերացնում է տեսնել «ժամանակավոր կառավարության» մեջ կամ «Ազգային վստահության խորհրդում»:
Իհարկե վայրկյաններ անց ինքն էլ խոստովանեց, որ «պարզ է այդ ցուցակը չի գործելու»:
Իսկ եթե այդ ցուցակը չի գործելու ու ցուցակում ներառված անձանց հետ էլ չի խոսվել, ապա ի՞նչ նպատակով պիտի հայտարարել այդ մասին:
Ներկա ճգնաժամային պայմաններում ցուցակում ներառված անունների խոշոր մասը կարելի է կատակ համարել ու հեշտությամբ մոռանալ, բացառությամբ երեքի:
Համբարձում Մաթևոսյան, Մհեր Գրիգորյան և Ռուբեն Վարդանյան:
Համբարձում Մաթևոսյանին շատերդ չէիք ճանաչում մինչև հուլիսի 25-ը, երբ նիկոլը մեկնեց արձակուրդ, իր լիազորությունները փոխանցեց նրան ու դուք իմացաք, որ Համբարձում Մաթևոսյան անունով փոխվարչապետ ունեք, որ կառավարության նիստ է ղեկավարում:
Իսկ այն որ մինչև հուլիսի 25-ը հանրության համար անհայտ փոխվարչապետի անձնական կարողությունները որտեղից են հայտնի Րաֆֆի Հովհաննիսյանին, որ ամենի միջից հանկարծ հիշում է նրա մասին, պիտի հարցնել հենց իրեն:
Ընդհակառակը, Մհեր Գրիգորյանին արդեն բոլորս գիտենք: Եթե Հայաստանում կա մեկը, որ առավելագույնը տեղյակ է նիկոլ-ալիև կուլիսյան պայմանավորվածությունների մասին դա Մհեր Գրիգորյանն է:
Իսկ Ռուբեն Վարդանյանի ու նրա «Ապրելու երկիր»-ի հավակնությունների մասին արդեն վաղուց խոսվում է:
Չգիտեմ ինչո՞ւ, բայց այս ամենից մի տեսակ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հոտն եմ առնում:
Հիշենք 2021 թվականի մարտի 15-ին, նրա հայտնի գրառումը, որտեղ նիկոլին առաջարկում էր Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ հրաժարական տալ ու ժամանակավոր ապաստանել այլ երկիր, իսկ լիազորությունները փոխանցել «անկուսակցական փոխվարչապետին»:
Իսկ կարող է, չէ՞, որ այդ «փոխվարչապետը» երիտասարդ ու հանրությանն անծանոթ Համբարձում Մաթևոսյանը լինի:
Ի դեպ, նիկոլն այս սցենարը մի անգամ հաջողությամբ փորձարկել է Երևանի քաղաքապետարանի դեպքում:
Մնում է սպասել ու տեսնել Րաֆֆին մինչև ե՞րբ կանգնած կմնա հրապարակում»:

Աղբյուրը`   Ռոբերտ Մարգարյան