Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բերձորցիներին ասել են` մինչև ամսվա վերջ պետք է հեռանան քաղաքից

303
Հինգշաբթի, 04 օգոստոսի, 2022 թ., 23:12
Բերձորցիներին ասել են` մինչև ամսվա վերջ պետք է հեռանան քաղաքից

Բերձորցիները մինչև այս ամսվա վերջ պետք է հեռանան քաղաքից: Այս մասին նրանք տեղեկացել են երեկ երեկոյան վարչակազմի ղեկավարի ու քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում:

«Նախագահի հրամանով՝ Արայիկ Հարությունյանի՝ մինչև ամսվա վերջ մենք պիտի դուրս գանք: Ոչ մի բան փոխհատուցման մասին, իբր թե փոխհատուցումը պիտի լինի, բայց ե՞րբ, ո՞նց, չգիտենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բերձոր-Լաչինի բնակիչ Աննա Մարգարյանը:

Նա նշեց՝ ոչ մի հստակ խոսք չեն լսել, թե որտեղ են գնալու և արդյոք փոխհատուցում են ստանալու, պլանավորում են գնալ-նստել Ստեփանակերտի հրապարակում. «Թեկուզ Աղավնոյի հետ մենք իրար հետ պայմանավորվենք, դուրս գանք, գնանք, նստենք էնդեղ: Մենք գնալու տեղ չունենք քանի որ»:

Երեկ առավոտյան Արցախի նախագահական էին հրավիրվել Լաչինի վարչակազմը և Աղավնոյի համայնքապետն ավագանու անդամների հետ: Ադրբեջանական կողմը սահմանային սրացմանը զուգահեռ՝ պահանջում է Հայաստան-Արցախ երթևեկությունը նոր ճանապարհով կազմակերպել, հեռանալ Լաչինից, իսկ միջանցքը փակվելու դեպքում հայկական Աղավնոն ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվում:

«Լավ պետություն է, թող գա, մեր հարցերին պատասխանի, ես սպասում եմ, Արայիկ Հարությունյանին ընտրել եմ, 6 երեխաս էլ Արցախում ապրում է, թող գա, իմ պատասխանը տա, ես ուրիշ բան չեմ ուզում», - նշում է Աղավնո համայնքի բնակիչ Նարինե Ռասոյանը:

Աղավնոյի բոլոր բնակիչները՝ ավելի քան 200 հոգի երեկվանից շունչը պահած սպասում են, թե ինչ պատասխանով է համայնքապետը վերադառնալու։ Վերադարձել է, բայց կոնկրետ պատասխան չկա: Այդ հանդիպմանը մասնակցած ավագանու 3 անդամները 4 տարբեր բաներ են ասում, զայրանում է Ալիկ Բլբուլյանը. «Այսինքն՝ էդքան տղամարդկություն չկա՞, որ մեկը մի հատ վերևից գա, ասի՝ ժողովո՛ւրդ, էս ա իրավիճակը պիտի դուրս գանք, հարց չկա, պիտի դուրս գանք, դուրս ենք գալիս, մեզ տեր կանգնող կա՞»:

Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չաուշյանից «Ազատությունը» փորձեց ճշտել՝ ինչ որոշում է կայացվել, գյուղի տարհանման ծրագիր այս պահին կա՞, թե՞ ոչ: Չաուշյանը հորդորում է բոլոր հարցերի պատասխանն ստանալ Արցախի նախագահից ու տարածքային կառավարման նախարարից, ասում է՝ թող իրենք ձեզ էլ, գյուղացիներին էլ հայտնեն որոշման մասին: Արցախի տարածքային կառավարման նախարարը երկու օր է՝ անպատասխան է թողնում Լաչինի միջանցքի տարածքում գտնվող բնակավայրերից մարդկանց տարհանման վերաբերյալ հարցերը: Շուրջ մեկ ամիս առաջ Արցախի նախագահը հայտարարել էր՝ Աղավնոյի հարցով շարունակելու են բանակցությունները, պայքարը: