««Խաղաղապահների գործունեության» պայմաններում ամբողջ աշխարհում զոհ են գնացել հազարավոր մարդիկ». Տ. Սիմոնյան
177
Չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2022 թ., 21:06
Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Ադրբեջանի պահանջ֊գործողությունները հիշեցնում են մեկ դար առաջվա Թուրքիայի գործողությունները՝ հայերի զինաթափում։ Դրանից հետո բոլորս էլ հասկանում ենք՝ ինչին է պատրաստվում՝ էթնիկ զտում և/կամ ցեղասպանություն։ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումները եղել են և շարունակվելու են ոչ միայն նրա պատճառով, որ ոչ պակաս հանցագործ ղեկավարություն ունեցող Թուրքիան մեջքին է, միջազգային հանրությունը «զբաղված է», պայմանագրեր է կնքում կամ ճանապարհներ է կառուցում փոքրիկ դիկտատորի հետ, այլ այն կարևոր պատճառով, որ մենք չենք ցանկանում առերեսվել իրականության հետ և գիտակցել, որ թշնամուն սանձելու միակ արդյունավետ տարբերակը ուժեղ, համախմբված հանրություն ունենալն է, որն ունակ է ստեղծելու առաջադեմ պետություն ու թեկուզ փոքր, բայց անպարտելի բանակ, որին էլ զորագրվել է յուրաքանչյուր քաղաքացի ու գիտի իր տեղն ու դերը։ Իսկ խաղաղապահների վրա մեծ հույսեր դնողներին նախ պետք է հիշեցնել, որ որևէ պետություն իր զինվորի արյունը պակաս կարևոր չի համարելու, քո զինվորի արյունից, և հետաբար ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի կամ որևէ առանձին պետության խաղաղապահ մեր խնդիրը մեր փոխարեն չի լուծելու։ Իսկ այնուհետև թարմացնել, ՄԱԿ-ի և այլ միջազգային չհաջողված խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ հիշողությունը, որոնց «աշխատանքի պայմաններում» զոհ են գնացել հազարավոր մարդիկ ՝ * Սոմալի - 1992թ՝ 500,000 զոհ, * Ռուանդա - 1994թ՝ 800,000 զոհ, * Բոսնիա և Հերցեգովինա (Սրեբրենիցա) - 1995՝ 8,000 զոհ, * Դարֆուր - 2003 ՝ 200,000 զոհ, և այլն։ Ցավոք, մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը, բայց 90֊ականնների սկզբի փորձով ապացուցել ենք աշխարհին, որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, հայ ժողովրդի անվտանգության միակ արդյունավետ երաշխավորը հայկական բանակն է և հայ մարդը։ Արել ենք ոչ վաղ անցյալում և անելու ենք հիմա. այլ տարբերակ չկա։ Հ.Գ. Իսկ վախի, անբարոյականության ու տգիտության սիրահարներին խորհուրդ կտամ վերանայել իրենց արժեհամակարգերը, թե չէ հենց այդ ապագան հաստատ ներողամիտ չի լինելու»։