Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Արդար չէ, որ ռեժիմի զոհերը տառապեն, իսկ ռեժիմը «թեժ կայֆեր» անի»․ Ս․ Սաֆարյան

707
Կիրակի, 03 հուլիսի, 2022 թ., 19:06
«Արդար չէ, որ ռեժիմի զոհերը տառապեն, իսկ ռեժիմը «թեժ կայֆեր» անի»․ Ս․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․ «Շատերը գիտեն կամ կհիշեն իմ բավական տարբերվող մոտեցումը 2016-ին Սասնա ծռերի ռազմական ապստամբության վերաբերյալ։ Թե այն ժամանակ, թե այժմ դեմ եմ, որ քաղաքական խնդիրները հանգուցալուծվեն ուժային տարբերակով։ Դեմ եմ, որովհետև անցումագիտության բազում օրինակներից գիտեմ, թե ինչպիսի վատ հետևանքներ են ունենում դեպի ժողովրդավարություն անցում կատարող պետությունների համար նման նախադեպերը։ Այն ժամանակ էլ համոզված էի, որ խաղաղ եղանակով իշխանափոխության տարբերակները սպառված չեն, ինչն ապացուցեց Թավշյա հեղափոխությունը, այժմ՝ երբ երկրում ազատ ընտրություններ են տեղի ունենում, առավել քան երբևէ կմերժեմ ռազմական սցենար։ Այդուհանդերձ, այն ժամանակ էլ համարել եմ, որ Սասնա ծռերի դեմ ոչ մի ուժային գործողություն չպետք է տեղի ունենա, ինչպես որ ցանկանում էին արտաքին ու ներքին որոշ ուժեր, և իմ հրապարակային ուղերձներն այդ շրջանում եղել են այն, որ իշխանություններին բացատրվի դրա ծանր հետևանքները պետության, Արցախյան խնդրի բեռ և լեգիտիմության խայտառակ պակասորդ ունեցող իշխանությունների համար։ Իմ այս դիրքորոշումը, գիտեմ, որ դուր չի եկել Սասնա ծռերի որոշ համակիրների, բայց ես դրանով չեմ առաջնորդվել, այլ իմ խղճով, պետականության համար միջնաժամկետ, երկրաժամկետ ցնցումների ռիսկեր չստեղծելու գիտակցումով։
Այժմ, հեղափոխությունից հետո, չեմ կարող չասել, որ Սասնա ծռերն իրենք էլ նախկին համակարգի զոհերից էին, ինչպես որ նրանց դեմ հանդիման հայտնված ոստիկանները։ Ես իհարկե չգիտեմ, թե իրականում ինչ հանգամանքներում և ինչպես են զոհվել ոստիկանները։ Ես կոչ չեմ անելու, որ նրանց արյունը, նրանց ընտանիքների վիշտը չհարգվի, ինչպես որ նախկին իշխանություններն էին վարվում մարտի 1-ի 10 զոհերի, բազում վիրավորների ու քաղհետապնդվածների հետ՝ ասես ոչինչ էլ չէր եղել։ Եթե կա չնչին իսկ կասկած կամ անարժանահավատություն ոստիկանների սպանության հանգամանքների կապակցությամբ, պետք է դա վերաքննության առարկա դառնա։
Սակայն չեմ կարող ինքս էլ անտարբեր լինել Վարուժան Ավետիսյանի՝ անազատության մեջ առողջության շուրջ մտահոգությունների հանդեպ։ Անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, կամ ինչում է համաձայն ու անհամաձայն, չեմ կարծում, թե Վարուժան Ավետիսյանի համար պահանջվող բժշկական օգնության վերաբերյալ որևէ լուծում չգտնվի։
Արեք դա։
Արդար չէ, որ ռեժիմի զոհերը տառապեն, իսկ ռեժիմը ազատության մեջ «թեժ կայֆեր» անի․․․»։

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան