Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ընդհանուր հայտարարագրերի ստուգման համակարգը կներդրվի 2023-ին»․ Հայկուհի Հարությունյան

661
Չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ., 13:24
«Ընդհանուր հայտարարագրերի ստուգման համակարգը կներդրվի 2023-ին»․ Հայկուհի Հարությունյան

«Բարեվարքության ծրագրի ամբողջ գործընթացն իրականացվում է որպես կոռուպցիայի կանխարգելման ռազմավարության կարևորագույն միջոցառում, այսինքն ՝ թվային տեխնոլոգիաների միջոցով այնպիսի համակարգի կառուցում, որը հնարավորություն կտա հայտնաբերել ռիսկը, ոչ թե արդեն տեղի ունեցած կոռուպցիան և չեզոքացնել այն սկզբնաղբյուրը, որից բխում է չարիքը»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

«Կենցաղային լեզվով ասած՝ Հանրապետության բնակչության թիվը բավականին փոքր է. մարդիկ իրար գիտեն, իսկ այն համակարգը, որը հանձնաժողովի կողմից շահագործվում է առայժմ ավելի քիչ տեխնիկական հնարավորություններով, ներառում է պետական պաշտոն զբաղեցնող առնվազն 9000 անձանց հայտարագրումների տվյալներ, որն ընտանիքի անդամների մասնակցությամբ կազմում է շուրջ 35000 անձի մասին տեղեկություններ անշարժ ու շարժական գույքի, փաստացի տիրապետվող գույքի մասին»,- նշեց նա։

«Այս տվյալների ամբողջությունն արդեն հրապարակային հասանելի է, բայց դրանց ներկայացվածությունը, դրա ձևաչափը, օգտագործելիությունը, չափազանց ցածր է, այսինքն՝ դրա օգտակարության գործակիցը բավականին փոքր է, համակարգը տեխնիկապես շատ հին է»,- նկատեց նա:

«Նոր համակարգը հնարավորություն է տալու՝ ոչ թե մեկ անձի միջոցով մոտ երեք տվյալների, հայտարարագրերի ստուգում, այլ 35000 անձի վերաբերյալ տվյալները համաժամանակյա սկզբունքի հիման վրա համադրելու և խափանումները դուրս բերելու»,- անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում բարեվարքության նոր ծրագրի ներդրմանը՝ ասաց Հարությունյանը:

Որպես համակարգի առավելություն՝ Հարությունյանն առանձնացրեց նաև համակարգում մարդկային գործոնի ազդեցության նվազեցումը:

Նա նշեց, որ ընդհանուր հայտարարագրերի ձևաչափը կներդրվի 2023 թվականին և կկատարելագործվի տեխնոլոգիական զարգացումներին համընթաց:

«Ընդհանուր հայտարարագրերի ստուգման համակարգը կներդրվի 2023-ին»․ Հայկուհի Հարությունյան