Երևան`   +25 °C
Այսօր`   Կիրակի, 14 օգոստոսի, 2022 թ.

«Հնարավոր է՝ այսօր Լարսի ճանապարհը բացվի». Թագուհի Թովմասյան

354
Երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ., 20:54
«Հնարավոր է՝ այսօր Լարսի ճանապարհը բացվի». Թագուհի Թովմասյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանի գրառումը. «Հայաստանը Ռուսաստանին՝ մեր հիմնական առևտրային շուկային կապող միակ ավտոճանապարհը՝ Լարսի անցակետը, ջրհեղեղի պատճառով անժամկետ փակվել է:
Առավոտից բազմաթիվ ահազանգեր եմ ստանում այն մասին, որ Հայաստանից բեռնատարները՝ հիմնականում ծիրանով բեռնված, անորոշության մեջ կանգնած են սահմանին: Տարբեր տեղեկություններով 7-8 հազար ԱՄՆ դոլար են գործարարները վճարում յուրաքանչյուր բեռնատարի համար ու հիմա անելանելի վիճակում են:
Իհարկե, երկար ժամանակ է, ինչ իշխանությունը խոսում է Լարսին այլընտրանքային ճանապարհ կառուցելու մասին, բայց ինչպես և շատ հարցերում, այս դեպքում էլ դեռ առարկայական արդյունք չկա: Ու այսօր հերթական անգամ բախվել ենք խնդրի, որի արդյունքում տուժում է հայ արտահանողը:
Իմ հանձնարարությամբ մեր հանձնաժողովի փորձագետները կապ են հաստատել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ՝ պարզաբանումներ պահանջելու, թե ինչ է անում պետական այդ կառույցը՝ առաջացած խնդրի հրատապ լուծման ուղղությամբ: Նախարարությունից պատասխանել են, որ արդեն բանակցություններ են վարում տեղական մթերողների հետ, որպեսզի ճանապարհին եղած ծիրանի քանակությունը և Հայաստանում մնացած մթերքները սպառվեն հայկական շուկայում: Բայց հասկանալի է, որ գները տարբեր կլինեն, և տեղական շուկան անսահմանափակ չէ, ուստի հարցը կլուծվի մասնակի:
Իսկ Տարածքային կառավարման նախարարությունից պարզաբանել են, որ մշտապես կապի մեջ են Վրաստանի իշխանությունների հետ և հետևում են իրադարձություններին: Ոչ մի որոշակիություն:
Կապ ենք հաստատել նաև Վրաստանում Հայաստանի հյուպատոսի հետ, ով հավաստիացրել է, որ ակտիվ աշխատում են վրացական իշխանությունների հետ, որոնք շահագրգիռ են՝ ճանապարհը բացվի, սակայն ժամկետների վերաբերյալ դարձյալ որևէ հստակ տեղեկություն չկա:
Ի՞նչ է ստացվում. սահմանին կանգնած կամ դեռ ՀՀ-ում եղած պատրաստի գյուղմթերքի իրացման հարցը պետությունը կարողանում է լուծել մասնակի, գյուղացին մնում է իր խնդրի հետ մեծ հաշվով միայնակ: Ինչո՞ւ, որովհետև թեև մեր երկիրը գյուղատնտեսությունը հռչակել է հիմնական ուղղություններից մեկը, բայց միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ փակվեց Գյուղատնտեսության նախարարությունը: Ոլորտային հարցերով զբաղվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը՝ ինչքանով, որ հասցնում է:
Հ. Գ. Քիչ առաջ կապ հաստատեցին ինձ հետ և տեղեկացրին, որ Հայաստանում Վրաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը խոսել է Վրաստանի տարածքային կառավարման նախարարի հետ, և նրան տեղեկացրել են, որ հնարավոր է՝ այսօր ճանապարհը բացվի: Հույս ունենանք՝ իրապես կբացվի»: