Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հուսով ենք, որ մեր հարևանը կդադարեցնի իր առավելապաշտական նկրտումները»․ Միրզոյան

807
Երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ., 18:18
«Հուսով ենք, որ մեր հարևանը կդադարեցնի իր առավելապաշտական նկրտումները»․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը՝ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներով․

Հարգելի՛ պարոն նախարար,
Իմ բարեկամ և եղբայր Նիկոս,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ գործընկերոջը՝ Նիկոս Դենդիասին, ջերմ հյուրընկալության համար։ Ինձ համար մեծագույն պատիվ է գտնվել Աթենքում, հատկապես, երբ մենք նշում ենք Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։

Հայաստանի և Հունաստանի միջև դինամիկ զարգացող արդեն երեսնամյա միջպետական հարաբերությունները, իհարկե, առաջին հերթին, հիմնված են մեր երկու ժողովուրդների միջև հազարամյա բարեկամության, փոխօգնության և դավանած ընդհանուր արժեքների վրա։

Հայերը և հույները ապրել են կողք կողքի, պայքարել են կողք կողքի և արարել են կողք կողքի: Պատմության ոլորաններով անցած մեր համատեղ ճանապարհը կերտել է հայ-հունական մի ամուր եղբայրություն, որը ոչ ոք և ոչինչ կասկածի տակ դնել չի կարող: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ հարգանքի հավաստիքը հղել Հունաստանում հայկական համայնքին և Հայաստանում հունական համայնքին և գնահատել նրանց նշանակալի ներդրումը մեր ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում։

Այսօր գործընկերոջս հետ մանրամասն քննարկեցինք մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և բազմաոլորտ համագործակցության խորացման հեռանկարները և նախանշեցինք առևտրատնտեսական, պաշտպանական, մշակութային, գիտական և այլ ուղղություններով իրականացվելիք համատեղ աշխատանքները:

Հավատացած ենք, որ Հայաստանի և Հունաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության ամրապնդման հսկայական ներուժ: Կարծում եմ, որ ընդարձակ երկկողմ իրավապայմանագրային հենքը և հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կնպաստեն այդ ներուժի լիարժեք օգտագործմանը։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայ-հունական հարաբերությունները զարգանում են ոչ միայն երկկողմ, այլև՝ բազմակողմ կարևոր հարթակներում: Այս առումով կցանկանայի երեք կարևոր թեմա արծարծել:

Առաջին հերթին՝ մեր քննարկումների կենտրոնում էր նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում համագործակցությունը։ Այս կարևոր նախաձեռնությունը տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության հաստատման արդյունավետ միջոց ենք համարում, և լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք այն ծառայեցնել մեր երեք երկրների ու ժողովուրդների կենսական շահերի առաջմղմանը: Ինչպես նախարար Դենդիասը նշեց, այս ձևաչափի առումով ունենք շատ կարևոր ու կոնկրետ պայմանավորվածություններ:

Իհարկե, արագ փոփոխվող աշխարհում գնալով ավելի է կարևորվում տրանսպորտային հաղորդակցության ծրագրերի իրականացումը, որոնք ժամանակակից տնտեսության արյունատար անոթներն են: Այս առումով կարևորում ենք «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» բազմակողմ Համաձայնագրի ստորագրումը: Կարծում եմ, որ շահագրգիռ կողմերի հետ միասին կարող ենք ավելի ինտենսիվ աշխատանքներ տանել և հաջողությամբ պսակել այս ուղղությունը ևս:
Մտքեր ենք փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն ու Արևելյան գործընկերությանը վերաբերող հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծել ենք, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը մեծ հնարավորություններ է ընձեռում նաև երկկողմ համագործակցության խորացման համար։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Բնականաբար, անդրադարձ ենք կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։

Գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Անդրադարձել եմ տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքների, ինչպես նաև, ընդհանուր, խաղաղության համաձայնագրի գործընթացներին:

Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի դիրքորոշումը՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ բարեկամ Նիկոս Դենդիասին, որը 44-օրյա պատերազմի օրերին այցելեց Երևան, արտահայտեց Հունաստանի և հույն ժողովրդի զորակցությունը մեզ այդ օրհասական և կարևոր ժամանակահատվածում: Ռազմավարական գործընկերոջը հարիր այդ ժեստը մենք իսկապես երբեք չենք մոռանա:

Հարգելի՛ գործընկերներ,

Ցավալիորեն պետք է փաստել, որ հրադադարից ավելի քան մեկուկես տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունները, իսկ ռազմատենչ, առավելապաշտական հռետորաբանությունը, ցավոք, ադրբեջանական ղեկավարության ամենօրյա խոսույթի անբաժանելի մասն է դարձրել։

Խախտելով միջազգային հումանիտար իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված: Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրները, կրկնում եմ, բոլոր քաղաքակիրթ երկրները, բոլոր հնարավոր առիթները օգտագործելով՝ պետք է նպաստեն, կոչ անեն ու պնդեն, որ Ադրբեջանը վերադարձնի մեր բոլոր գերիներին:

Հարգելի՛ ներկաներ,

Հայ ժողովուրդը հազարամյակներ ընդգրկող պատմության ընթացքում հրաշագեղ եկեղեցիներ, հուշարձաններ, կոթողներ է ստեղծել, որոնք համայն մարդկության մշակութային ժառանգության անբաժանելի մասն են: Այսօր, ցավոք, այս ժառանգության մի մասը վերահաս ոչնչացման վտանգի տակ է: Ադրբեջանական իշխանությունների պետական, պաշտոնական քաղաքականության պատճառով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ունենք սրբապղծված եկեղեցիներ, ջարդուփշուր եղած հուշարձաններ, հայկականության հետքից մաքրված կոթողներ: Ի տարբերություն շատ այլ նմանատիպ անընդունելի դեպքերի, մենք չենք կարող պնդել, որ աշխարհը լռում է․ իսկապես՝ աշխարհը խոսում է և շատ հստակ է արտահայտվում: Եվ դրա վառ օրինակն է 2021թ. դեկտեմբերի ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին դադարեցնել այս քաղաքականությունը:

Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական ու շարունակական արձագանքն այս վարքագծի վերաբերյալ, ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության իրականացումը, որը կարևոր քայլ կլինի այս ժառանգության փրկության համար։

Եվ, իհարկե, ցանկանում եմ հերթական անգամ ընդգծել, որ խաղաղությունը մեր սկզբունքը, մեր քաղաքականությունն ու ռազմավարությունն է: Մենք իսկապես ձգտում ենք կառուցել խաղաղ, անվտանգ և կայուն Հարավային Կովկաս, և հուսով ենք, որ մեր հարևանը կդադարեցնի իր առավելապաշտական նկրտումները և ավելի կառուցողական դիրքորոշում կցուցաբերի բոլոր հարցերում:

Հարգելի՛ պարոն Դենդիաս,

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և բովանդակային քննարկման համար, և ուրախ կլինեմ հյուրընկալել Ձեզ Երևանում։