Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ.

«Լավրովի կողմից արվել են հայտարարություններ, որոնք խորը մտահոգություն են առաջացնում»․ Բաբաջանյան

317
Շաբաթ, 25 հունիսի, 2022 թ., 01:06
«Լավրովի կողմից արվել են հայտարարություններ, որոնք խորը մտահոգություն են առաջացնում»․ Բաբաջանյան

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս․թ․ հունիսի 23-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Ս․Լավրովի կողմից Բաքվում արվել են հայտարարություններ, որոնք խորը մտահոգություններ են առաջացնում, կապված Հարավային Կովկասում ՌԴ քաղաքականության հետ։ Սույնով արձանագրում ենք, որ Մոսկվայի երաշխավորությամբ 2020թ նոյեմբերի 9-ի, 2021թ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան համատեղ հայտարարությունների կարևորագույն դրույթների իրագործումը խափանում է հենց Բաքուն, ճնշումներ գործադրելով Երևանի վրա և փորձելով պարտադրել «խաղաղության պայմանագիր»՝ իրեն միակողմանիորեն ձեռնտու պայմաններով, մինչդեռ Մոսկվան չի կարողանում կամ չի ցանկանում ապահովել այդ հայտարարություններից բխող՝ իր պարտավորությունների կատարումը, դրանով խրախուսելով Ալիևի ռեժիմի սանձարձակ պահվածքը։

Մասնավորապես, Երևանում իր այցի շրջանակներում հրապարակայնորեն հայտարարելով, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի ենթադրում տարածքային ու քարտեզային փոփոխություններ, ռուս ԱԳ նախարարը Բաքվում խոսում է «ավտոմոբիլային հաղորդակցության կազմակերպման հարցը լուծել առավելագույն հարմարավետ ձևով՝ առանց արհեսատական խոչընդոտներ ստեղծելու» ձևակերպմամբ, ինչը կարող է նշանակել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սահմանափակում՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասի նկատմամբ և չի ենթադրում սիմետրիկ կերպով նույն տարանցման ռեժիմն, օրինակ՝ Նախիջևանով։

Դրա հետ մեկտեղ, սահմանազատման/սահմանագծման երկկողմ աշխատանքների գործընթացում ռուսական «կոնկրետ առաջարկները», որով ներկայացավ ՌԴ ԱԳ նախարարը Բաքու՝ ոչ այլ ինչ են, քան միջամտության փորձ և գործընթացի շեղում ԵԱՀԿ նորմերից և ստանդարտներից, որոնց հիման վրա էլ պետք է գործընթացն ընթացք ստանա, քանզի միայն նման հիմքով է հնարավոր երաշխավորված համարել Հայաստանի շահերի հարգումը։

Միևնույն ժամանակ, Արցախի խնդրի՝ արցախահայերի անվտանգության և իրավունքները հարցերն առանց լուծելու «խաղաղ պայմանագրի» մասին Բաքվից եկող խոսակցությունները և Մոսկվայի կողմից դրանց ձայնակցելը ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահության ձևաչափով աշխատանքների խափանման ֆոնին ակնհայտ են դարձնում Ռուսաստանի մտադրությունն օրինականացնել ռազմական ուժի գործադրմամբ և ռազմական հանցագործությունների ճանապարհով ձևավորված ստատուս-քվոն՝ միանշանակորեն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հաշվին, մի բան, որը հաստատապես չի բխում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում հռչակված սկզբունքներից և ոգուց։

Ուստի, հավատարիմ մնալով հարևանների հետ տարածարջանային խաղաղության քաղաքական ուղեգծին, հաշվի առնելով այն չափազանց վտանգավոր փոփոխությունները, որոնք այլևս ակնհայտ են ռուսական քաղաքականության մեջ ընդհանրապես, իսկ մեր տարածաշրջանում՝ մասնավորապես, Հանուն Հանրապետության կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակությանը հրատապ կարգով մոբիլիզացնել քաղաքական կամքը և էական ճշգրտումներ մտցնել Հայաստանի՝ բանակցային գործընթացում որդեգրած դիրքորոշումներում, ռազմավարական վերանայման գործընթաց սկսել, ուղղված մեր երկրի բոլոր քաղաքականությունների դիվերսիֆիկացմանը, փլուզված աշխարհակարգի պայմաններում առաջացած ռիսկերը կառավարելիության հունի մեջ պահելուն։

Հանուն Հանրապետության Կուսակցությունը հավատարիմ է մնում Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, մարդու իրավունքների և ազատությունների անսակարկելիության սկզբունքին, խստորեն դատապարտում է Ռուսաստանի որդեգրած կայսերապաշտական քաղաքականությունը և դրանից սերված՝ հակահայ դիրքորոշումները մեզ համար կենսական հիմնահարցերում»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան