Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 հունիսի, 2022 թ.

«Երկրում մոլեգնում է քաղաքական վրեժը». Լիլիթ Գալստյան

283
Ուրբաթ, 24 հունիսի, 2022 թ., 16:24
«Երկրում մոլեգնում է քաղաքական վրեժը». Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը. «ՉԵՆ ԿԱՐՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՔԱՆ ՀԵՌՈՒ ԼԻՆԵԼ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ․․․
Անբարոյականության և ստի բոլոր հնարավոր սահմանները ոչնչացված են։
Հասարակությունն ապրում է ամենօրյա անկումների, ավելի ճիշտ՝ ինքասպանության, սեփական ինքնությունը ոչնչացնելու ռեժիմում։ Հասարակությունը կորցրել է ինքնամաքրման կարողությունը։
Անդունդով միմյանցից բաժանված երկու իրականությունների մեջ ենք ապրում․ զուգահեռ, չհատվող, մերժող և կույր։
Բայց որքանո՞վ է արդար մեղադրել հասարակությանը, երբ անբարո արժեքները գեներացվում, խրախուսվում և գործադրվում է հենց իշխանության կողմից։
Բարոյականության և պետականության մասին գործող իշխանության պատկերացումներն ասես Սոդոմ-Գոմորի բարոյական կոդեքսից սերված լինեն։
Վերջին երեք օրերին ՀՀ և ԲԴԽ նախագահները գերազանցեցին իրենք իրենց՝ մեր տառապող, հյուծված ու փսորած հասարակությանն էլ ավելի համոզելով, որ ինքն արժանի չէ պետություն ունենալու։
Ինքը վեր է նեղ կուսակցական մտայնությունից, իր գործը սահմանադրությանը հետևելն է, որպեսզի իշխանազանցություն տեղի չունենա, Հանրայինի հարցազրույցում հաստատում է Վ․ Խաչատուրյանը և երկրորդ վայրկյանին հրաժարվում է գնահատական տալ Գ․ Ջհանգիրյանի պահվածքին։
Պարզվում է, որ այս «լայնախոհ տիեզերախույզը» պատրաստ է ընդդիմության հետ խոսել, եթե ընդդիմությունը քաղաքակիրթ բառապաշարով խոսի․․․
Օ՜՜՜՜՜, ինչպիսի շնորհ․․․ Ու նա մոռացել է կամ պարզապես երեսպաշտությամբ է զբաղված, չհիշելով, որ սեռական հայհոյանքներով, փողոցային բառապաշարով ու վարքագծով է ողջ քարոզարշավն իրականացրել իրեն նախագահ դարձրած քաղաքական ուժի վարչապետը։
Լսում ես նրան ու մտածում, բա սրա ականջներում չի զրնգո՞ւմ ընդամենը մեկ օր առաջ հասարակությանը կաթվածահար արած Ջհանգիրյանի ոսկեղենիկ ինքնախոստովանությունը․․․
Համապետական և համազգային շահով է ուղեկցվում ինքը, հաստատում է Խաչատուրյանը և երկրորդ վայրկյանին լծվում իշխանական՝ իմ խորը համոզումով ապազգային, կործանարար և դավաճանական ուղեգծին․ արցախահայության իրավունքներ՝ առանց ինքնորոշման իրավունքի։
18-ից հետո ինքնադրսևորման լայն հնարավորություններ են ստեղծվել, պատրաստ են բոլորի հետ աշխատել, թող գան հանուն երկրի․․․ շարունակում է իր երեսպաշտական մտքերը «լայնախոհ» նախագահը, չհիշելով, որ դեռևս բանտերում են ՏԻՄ ընտրություններին հանուն երկրի շահերի մասնակցած և հաղթած մի շարք թեկնածուներ։ Նրանք դատապարտված են ընդդիմադիր լինելու համար․․․
Երկրում մոլեգնում է քաղաքական վրեժը, երկրում բռնաբարվում է սահմանադրությունը, իսկ այս ամենը չտեսնելու համար պետք է ընդամենը լինել անդունդի քպ-ի կողմում։ Ինչն, ի դեպ, ապացուցելու կարիք չուներ․․․
Ու այս ամենի խորապատկերում, հայտնի ձայնագրությունից հետո, երբ ողջ հասարկությունը Ջհանգիրյանի հրաժարականին է սպասում ու նաև այս երկրում ապրել շարունակելու մի փոքր հույս փայփայում, դարձյալ նույն հանրայինի եթերում հայտնվում է վերտուոզ նախկինը, ԲԴԽ գործող նախագահն ու ստի, երեսպաշտության, ապապետականության ու անհնարինության երեսուն րոպենոց մեկնաբանությամբ հանդես գալիս։
Եվ նա հավանաբար գալիս էր ԲԴԽ-ից, ուր անձամբ էր կարդացել Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու որոշումը։
Դժվարանում եմ բառեր գտնել ներկայացնելու իմ և հազարավորների նողկանքը․․․
Սոդոմ և Գոմոր քաղաքները կործանվեցին, որովհետև շատ էին մեղսագործ մարդիկ, որովհետև զեխության, հեշտասիրության, դավաճանության ու ամենաթողության մեջ շնչահեղձ էր եղել բարոյականությունը։
Վստահաբար հրդեհի և փոթորկի ճիրաններում կործանված քաղաքաներում ոչ բոլորն էին մեղսագործ, դավաճան կամ հեշտասեր, բայց նրանք լուռ էին, հաշտված կամ կույր էին ձևանում․․․․
Ես ու ինձ նման հազարավորգներ շնչահեղձ ենք լինում, մենք նաև պայքարում ենք հանուն բարոյականության․ չեն կարող քաղաքականությունն ու իշխանությունն այսքան հեռու լինել բարոյականությունից․․․»:

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան