Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 հունիսի, 2022 թ.

Պատերազմի հետևանքով ՀՀ է տեղահանվել և ապաստան ստացել շուրջ 91 000 մարդ, 88%-ը՝ կանայք և երեխաներ․ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

313
Հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ., 21:42
Պատերազմի հետևանքով ՀՀ է տեղահանվել և ապաստան ստացել շուրջ 91 000 մարդ, 88%-ը՝ կանայք և երեխաներ․ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում հայտնել է, 2020-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Հայաստան է տեղահանվել և ապաստան ստացել ավելի քան 91. 000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են:

ՀՀ ազգային ժողովը հրապարակել է պատգամավորի ելույթի տեքստը:

«20-րդ դարի սկզբին կանանց ընտրելու իրավունքի համար շարժումը տարածվում էր աշխարհով մեկ, և ես շատ հպարտ եմ, որ կարող եմ ասել՝ Հայաստանն արդեն հաջողություններ էր գրանցում: 1919 թ. առաջին խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին համընդհանուր ընտրական իրավունքով. 20 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ ուներ ընտրելու իրավունք՝ անկախ սեռից, էթնիկ պատկանելությունից կամ կրոնական համոզմունքներից: Խորհրդարանում երեք կին պատգամավոր էր՝ Կատարինե Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Վարվառա Սահակյանը, և, գուցե, դուք ճանաչեք Պերճուհի Բարսեղյանի թոռնիկին՝ Ժաննա Բարսեղյանին, ով ներկայում Ստրասբուրգի քաղաքապետն է: Մեկ այլ հայ ուժեղ կին՝ Դիանա Աբգարը, հասարակական կյանքի այլ ճանապարհ է բռնել: 1920 թ. հուլիսի 2-ին նշանակվել է Հայաստանի դեսպան Ճապոնիայում: Ծառայելով մինչև 1921 թ.՝ նա դասվեց որպես աշխարհի առաջին կին դեսպաններից մեկը»,-նշել է Ղազարյանը:

Նա ընդգծել է, որ ներկայիս խորհրդարանում կանանց ներկայացուցչությունն ավելի բարձր է, քան երբևէ, բայց դեռևս բավարար չէ. 35 տոկոս է: Պատգամավորը շեշտել է, որ բարձր գնահատելով քաղաքացիական հասարակության կանանց կազմակերպությունների դերը՝ ակտիվորեն մասնակցում են նրանց հետ օրենքների ընդունման գործընթացին, ինչը կհանգեցնի կանանց ավելի մեծ ներգրավվածությանն օրենսդիր մարմիններում:

«Քանի որ խաղաղությունն իշխող կուսակցության գլխավոր օրակարգերից մեկն է, ես կարող եմ վստահեցնել, որ կին պատգամավորները նույնպես մասնակցում են որոշումների կայացման գործընթացներին»,-նշել է նա:

Պատգամավորը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշակել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի կատարման երկրորդ ազգային գործողությունների ծրագիրը՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը շարունակելու իր աշխատանքը կանանց, խաղաղության և անվտանգության հարցերում:

Ծրագիրն անդրադառնում է 2020 թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց խնդիրներին և մարտահրավերներին:Ագրեսիվ պատերազմի հետևանքով Հայաստան է տեղահանվել և ապաստան ստացել ավելի քան 91.000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են:

«Պատերազմը սկսվել է COVID-19 համաճարակի ժամանակ՝ այդպիսով բարդացնելով կանանց և աղջիկների արդեն իսկ ծանր իրավիճակը: Այսպիսով, ծրագիրը ներկայացնում է ճգնաժամի մեջ գտնվող կանանց և աղջիկների խնդիրները՝ անդրադառնալով նրանց անվտանգության բաղադրիչին: Ծրագիրն անդրադառնում է բռնի տեղահանված կանանց խնդիրներին, սահմանային նոր իրավիճակի հետևանքով առաջացած անվտանգության մարտահրավերներին ու դրանց ազդեցությանը կանանց և աղջիկների վրա: Վերջապես, ես պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ իսկապես զարմացած եմ լսել, թե ինչպես ԵԽԽՎ-ում մեր կին գործընկերները և հարևան երկրներում բարձրաստիճան այլ կին պաշտոնյաներ կարող են խոսել պատերազմի և բռնության օգտին՝ գտնելով արդարացումներ»,- եզրափակել է Ղազարյանը: