Երևան`   +30 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ.

ՀԿ-ների հայտարարությունը՝ սկանդալային ձայնագրության վերաբերյալ

280
Չորեքշաբթի, 22 հունիսի, 2022 թ., 20:36
ՀԿ-ների հայտարարությունը՝ սկանդալային ձայնագրության վերաբերյալ

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել օրերս հրապարակված ձայնագրության վերաբերյալ, որում ներկայացված է ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի խոսակցությունը։

2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և փաստաբանի հրավիրած ասուլիսի ընթացքում հրապարակվել է Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի միջև զրույցի ձայնագրությունը:

Հրապարակված զրույցը տեղեկություններ է պարունակում Ռուբեն Վարդազարյանի շուրջ հարուցված քրեական գործերի հնարավոր դրդապատճառների, քրեական արդարադատության իրականացմանը և քրեական գործերի քննությանը միջամտելու առերևույթ փաստերի վերաբերյալ, ինչը խիստ մտահոգությունների տեղիք է տալիս ինչպես քրեական վարույթն իրականացնող մարմինների անկախության և անաչառության, քրեական արդարադատության արդյունավետության, այնպես էլ դատական իշխանության և դատավորների անկախության և հեղինակության ապահովման համատեքստում:

Բարձրագույն դատական խորհրդի՝ դատարանների և դատավորների անկախության երաշխավորի առաքելությունը պահանջում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը և դրա անդամները պետք է դատական իշխանության անաչառության, անկախության և արդյունավետության արտացոլանքը հանդիսանան, վայելեն ինչպես համակարգի ու հանրության վստահությունը, այնպես էլ հանդես գան որպես արդարադատության սիմվոլ։ Բարձրագույն դատական խորհրդի անդամները իրենց հանրային կերպարով, գործունեությամբ և խոսքով պետք է վստահելի և օրինակելի լինեն ողջ հասարակության համար:

Մինչդեռ, հրապարակված ձայնագրությունը հերթական անգամ ապացուցում է, որ դատական համակարգի խնդիրներն սկսվում են այն մարմնից, որի նպատակն ու առաքելությունը այդ խնդիրների լուծումն է, մարմին, որն ի դեմս իր նախագահների ավելի շատ ասոցացվում է հանրային պարսավանքի ու ամոթի հետ։

Բարձրագույն դատական խորդհրի անդամների մասնակցությամբ խոսակցության մանրամասները բացարձակապես անընդունելի և դատապարտելի են: Նման հանգամանքներում, Խորհրդի հետագա գործունեությունը անհնար է հրապարակված խոսակցությանը մասնակից անձանց անդամակցությամբ: Դատական իշխանության և արդարադատության շահերից է բխում նրանց անհապաղ հրաժարականը: Այդ անձանց հետագա պաշտոնավարումը ունակ է էլ ավելի մեծացնել Բարձրագույն դատական խորհրդի ու դատական իշխանության նկատմամբ տիրող խորը հանրային անվստահությունը:

Միաժամանակ, հերթական անգամ արձանագրում ենք, որ դատական և իրավական համակարգում նման դրսևորումները ՀՀ իշխանությունների կողմից վեթինգի և անցումային արդարադատության տապալման և չիրականացման արդյունք են: Քաղաքացիական հասարակության և իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից բազմիցս բարձրացվել է դատական և իրավապահ համակարգում վեթինգի և լյուստրացիայի անհրաժեշտության մասին, ինչն իրականացնելու քաղաքական կամք գործող իշխանությունները չունեցան:

Կարևորելով Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովումն ու դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը և առողջ ընկալումների ձևավորումը՝ պահանջում ենք

  • Բարձրագույն դատական խորհրդի՝ հրապարակված խոսակցությանը մասնակից բոլոր անդամների անհապաղ հրաժարականը,
  • Իրականացնել հրապարակված խոսակցության ընթացքում դրա մասնակիցների հայտնած տեղեկությունների օբյեկտիվ, լրիվ և արդյունավետ քննություն,
  • Իրականացնել Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քննվող և չհարուցված քրեական գործերի օբյեկտիվ, լրիվ և արդյունավետ քննություն,
  • Ապահովելով պատշաճ օրենսդրական կարգավորումներ՝ իրականացնել դատական և իրավական համակարգում համընդհանուր վեթինգ՝ առաջինը սկսելով Բարձրագույն դատական խորհրդի գործող կազմից:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակություն հիմնադրամներ- Հայաստան

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում