Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Պահպանողականները չկարողացան անվստահություն հայտնել Ջոնսոնին

1423
Երեքշաբթի, 07 հունիսի, 2022 թ., 00:24
Պահպանողականները չկարողացան անվստահություն հայտնել Ջոնսոնին

Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները չկարողացան բավարար ձայներ հավաքել՝ կուսակցության առաջնորդ և վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու համար, ասել է Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության կառավարող կոմիտեի նախագահ Գրեհեմ Բրեյդին:
Երկուշաբթի առավոտյան Բրեդին ասաց, որ կուսակցության ներսում Ջոնսոնին վստահության քվե տալու համար անհրաժեշտ շեմն անցել է։
Համայնքների պալատում քվեարկությունը տեղի է ունեցել գաղտնի։ Վստահության քվեին կողմ է քվեարկել կուսակցության 211, դեմ՝ 148 ներկայացուցիչ։ Պաշտոնը պահպանելու համար Ջոնսոնին անհրաժեշտ էր հավաքել իր աջակցող կուսակցության ներկայացուցիչների առնվազն կեսը և մեկ ձայն, այսինքն, առնվազն 180 ձայն։ Նախկինում լրատվամիջոցները հայտնում էին, որ, ըստ կուսակցական կանոնների, եթե Ջոնսոնին հաջողվի պահպանել պաշտոնը, ապա նա մեկ տարի պաշտպանություն կունենա նման ընթացակարգից։
Ջոնսոնը հայտնվել է պաշտոնը կորցնելու վտանգի առջև Դաունինգ սթրիթում կառավարական նստավայրում երեկույթների շուրջ ծագած սկանդալի պատճառով՝ համազգային կորոնավիրուսային արգելափակման ժամանակ: Իրավիճակը վատթարացել է, երբ պարզվել է, որ ևս երկու խնջույք է տեղի ունեցել 2021 թվականի ապրիլի 16-ին՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորության նախօրեին, երբ Միացյալ Թագավորությունում դեռ սահմանափակումներ էին գործում և երկրում ազգային սուգ էր հայտարարված։ Ավելի ուշ Ջոնսոնը ներողություն է խնդրել և ասել, որ վճարել է Մետրոպոլիտենի ոստիկանության կողմից տրված տուգանքը:
Ինքը՝ վարչապետը, ասել է, որ իր հեռանալը անպատասխանատու որոշում կլինի՝ հաշվի առնելով երկրում գների աճը և Ուկրաինայում տիրող իրավիճակը։