Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հրետակոծված տները գրեթե 2 տարի անց վերականգնված չեն». Ոսկան Սարգսյան

562
Ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ., 19:48
«Հրետակոծված տները գրեթե 2 տարի անց վերականգնված չեն». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հրետակոծված տները գրեթե 2 տարի անց վերականգնված չեն. 2020-ի հուլիսի 12-13-ին Բերդի տարածաշրջանում տեղի ունեցած մարտերը ռազմավարական ոչ մի նշանակություն չունեին, սակայն այդ ժամանակ տեղի ունեցած ադրբեջանական հրետակոծության հետևանքները դեռևս վերացված չեն։ Բերդ համայնքի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը հայտնեց, որ պետական բյուջեի միջոցներով գյուղում կատարվել են հրետակոծված տների վերականգնման աշխատանքներ, սակայն շատ տների դեպքում շինարարական աշխատանքներ չեն արվել, կամ կիսատ են իրականացվել։ Գյուղի բնակիչ Նվեր Գալստյանի հորական տունը հրետակոծությունից ամբողջությամբ քանդվել է, սակայն այն չեն վերականգնել։ Վարչական ղեկավարի խոսքերով՝ գյուղի 4 բնակչի տներում վերականգնողական աշխատանքներ չեն արվել։

Ազատամարտիկ, հաշմանդամ Գարիկ Լալայանը հրետակոծված իր առանձնատան նորոգման համար դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման նախարար պաշտոնավարած Սուրեն Պապիկյանին, Տավուշի մարզպետարան, սակայն նրա տունը չեն նորոգել, վնասված 5 պատուհաններն են նորերով փոխարինել։ Այլ տների բնակիչներ էլ համաձայնվել են, որ իրենց վնասված տների գոնե պատուհանները փոխեն, սակայն այդ աշխատանքներն էլ չեն արվել։ Լ․ Առաքելյանի խոսքերով՝ ինքը վնասված 31 տան համար դիմում է ներկայացել քննչական կոմիտեի Բերդի բաժին, առաջնահերթ դիմել է 11 տան համար, մնացածների համար տվյալները ներկայացրել է Տավուշի մարզպետարան, գյուղում ուսումնասիրություններ կատարած պետական վերահսկողության ծառայության աշխատողներին։

Վարչական ղեկավարը հայտնեց, որ ադրբեջանական հրետակոծությունից վնասված Հրաչիկ Գրիգորյանի տան նորոգումը կիսատ է մնացել, Արսեն Շառյանի տան վնասված տանիքը չեն փոխել, Գառնիկ Ղուկասյանին պատկանող ավերված ջերմոցը չեն նորոգել։ Լ․ Առաքելյանի վկայությամբ՝ սահմանամերձ գյուղում պետական միջոցներով «Մայրիկ» պուրակ է կառուցվել, արվել է ծառատունկ, սակայն դեռևս նստարաններ, խաղային ատրակցիոններ չեն բերվել։

Հավելեմ, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2021-ի նոյեմբերի 17-ին որոշում է ընդունել Բերդի տարածաշրջանի գյուղերի հրետակոծությունից վնասված տների վերականգնման և բարեկարգման աշխատանքներն ընդունելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին, հանձնաժողովի նախագահն էր Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Միսաք Մելքումյանը, անդամներ՝ քաղաքաշինության վարչության աշխատողներ, տեխնիկական հսկողություն իրականացող ՍՊԸ-ի ներկայացուցիչներ, շինարարական աշխատանքներ իրականացրած «Տավուշշին» ԲԲԸ-ի ներկայացուցիչներ և այլոք։ Նման մի հանձնաժողով էլ մարզպետ Հ․ Ղալումյանն ստեղծել էր դեռևս 2021-ի սեպտեմբերի 14-ին, որի ղեկավարը կրկին քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Միսաք Մելքումյանն էր»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան