Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 հունիսի, 2022 թ.

«Մենք փակ սահմաններ ունենք, և դա մեր կյանքի որակի վրա էական ազդեցություն է ունենում». Վահագն Խաչատուրյան

518
Չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ., 15:42
«Մենք փակ սահմաններ ունենք, և դա մեր կյանքի որակի վրա էական ազդեցություն է ունենում». Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս «Ապրուստի գինը ճգնաժամում» թեմայով պանելային քննարկմանը: Նախագահ Խաչատուրյանը, ներկայացնելով Հայաստանի փորձն ու անցած ուղին, իր խոսքում մասնավորապես ասել է. «Մինչև հիմա Հայաստանը պարբերաբար ճգնաժամերի մեջ է հայտնվում, որոնք փորձում է հաղթահարել յուրահատուկ ձևով: Մենք փակ սահմաններ ունենք, և դա մեր կյանքի որակի վրա էական ազդեցություն է ունենում: Խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի մասին է: Մենք ունենք Լեռնային Ղարաբաղի չլուծված հիմնախնդիր, որը մեզ անընդհատ կոնֆլիկտի մեջ է պահում մեր հարևան Ադրբեջանի հետ: Ընդամենը մեկուկես տարի առաջ մենք Ադրբեջանի կողմից հրահրված 44-օրյա պատերազմը ծանր մարդկային և նյութական կորուստներ պատճառեց մեզ, պատերազմը դադարեցվեց միայն Ռուսաստանի միջամտությունից հետո:

Հիմա նոր ճգնաժամի մեջ ենք, բայց կարողանում ենք այն հաղթահարել, որովհետև մեր կողմից ընդունված ժողովրդավարական սկզբունքներն են մեզ դա թույլ տալիս: Ամենակարևորը՝ իշխանության և հասարակության միջև հարաբերություններն են, թե ինչքան է հասարակությունը վստահում իշխանությանը և մյուս կողմից՝ ինչքան լավ է իշխանությունը հասկանում իր հասարակության խնդիրները: Եթե նրանց միջև երկխոսություն կա, ապա լուծվում է և՛ աղքատության հարցը, և՛ նվազում է նոր ճգնաժամ առաջանալու հավանականությունը, և՛ երկիրն ավելի կայուն ու կառավարելի է լինում:

Ամենակարևորը՝ սկզբունքներին չդավաճանելն է: Մեր երկրի փորձն է դա ցույց տալիս:

2000 թվականից մինչև 2018 թվականը մեր երկիրը հրաժարվել էր ժողովրդավարական արժեքներից, և կոռուպցիան երկիրը բառիս բուն իմաստով ուտում էր: Մենք հայտնվեցինք ծայրահեղ վատ վիճակում: 2018 թվականին թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, որի արդյունքում երիտասարդ կառավարություն եկավ իշխանության՝ նոր շունչ հաղորդելով բոլոր ոլորտներին, բիզնեսն ազատություն զգաց, մարդիկ ազատություն զգացին, մարդիկ կարողանում էին ազատ գործարարությամբ զբաղվել, ոչ ոք չէր կարող իրենց խոչընդոտել, գումարներ պահանջել, քաղաքական ուժերը հնարավորություն ստացան հավասար պայմաններով ընտրությունների մասնակցել: Տնտեսությունը հաջորդ տարում միանգամից ունեցավ 7,5 տոկոս աճ: Գործարարները համոզվեցին, որ պետությունը իրենց հետ ոչ թե ժամանակավոր խաղի կանոններով է աշխատում, այլ ընդունված օրենքով ու կանոններով, որը ենթադրում է պարտաճանաչ հարկեր վճարել և որոշ սոցիալական պարտավորություններ կատարել: Սա օրինակ է, որ կարող է բոլորին հետաքրքրել: Կոռուպցիայի վերանալը շատ մեծ խթան դարձավ:

Երբ այն բոլոր գումարները, որ ծախսվում են երկրներում հասնում են մարդկանց, ում պետք է, ապա և՛ աղքատությունն է պակասում, և՛ ռիսկերն են նվազում, և՛ ամեն ինչ ավելի կառավարելի է լինում: Իսկ եթե դա հասնում է մի խումբ մարդկանց, որոնք ուղղակի դա օգտագործում են իշխանությունը պահելու համար, դա հղի է մեծ կոնֆլիկտներով: Իհարկե, կան քաղաքական դրդապատճառներ, որ շատ դեպքերում աչք է փակվում, բայց չեմ կարծում, որ նման դեպքերում սա ճիշտ լուծում է: Ավելի ճիշտ է լինել ազնիվ, անկեղծ հատկապես այն ժողովրդի հետ, ում ուզում եք այդ օգնությունը ցույց տալ, և նրանց հետ մասնակից դառնալ այդ բոլոր ծրագրերին»:

«Մենք փակ սահմաններ ունենք, և դա մեր կյանքի որակի վրա էական ազդեցություն է ունենում». Վահագն Խաչատուրյան