Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հայկական կողմը որևէ կերպ չի ներկայացնում իր կարմիր գիծն Արցախի կարգավիճակի հարցում»․ Մենուա Սողոմոնյան

559
Երեքշաբթի, 24 մայիսի, 2022 թ., 17:24
«Հայկական կողմը որևէ կերպ չի ներկայացնում իր կարմիր գիծն Արցախի կարգավիճակի հարցում»․ Մենուա Սողոմոնյան

5165 շարժումը հրապարակել է կուսակցության քարտուղար Մենուա Սողոմոնյանի դիրքորոշումը բրյուսելյան հանդիպման վերաբերյալ․
«Բրյուսելյան հանդիպումը հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարժվում է բացառապես Ադրբեջանի օրակարգով և հայտնվել է նրա դիվանագիտական աքցանում, որովհետև․
• Նիկոլ Փաշինյանը բրյուսելյան հանդիպմանը գնացել է՝ ընդունելով հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» հիմքում ընկած ադրբեջանական 5 սկզբունքները, մինչդեռ Հայաստանի առաջարկած 6 անհեթեթ սկզբունքները չեն ընդունվել Ադրբեջանի կողմից, մասնավորապես, Ալիևը մերժել է Արցախի կարգավիճակի հարցի արծարծումը բանակցային գործընթացում։
• Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդունում է Ադրբեջանի կողմից առաջ տարվող երկու կարևոր օրակարգային կետերը՝ սահմանագծումն ու սահմանազատումը և «կոմունիկացիաների ապաշրջափակումը»։
• Հայկական կողմն ինքը որևէ կերպ չի ներկայացնում իր կարմիր գիծն Արցախի կարգավիճակի հարցում։
Բրյուսելյան հանդիպումը ցույց տվեց նաև, որ Հայաստանի Հանրապետությունը փաստորեն հրաժարվում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացից, որի շրջանակներում Արցախի հարցի կարգավորման առնչությամբ մենք դիվանագիտական նշանակալի ձեռքբերում էինք ունեցել առ այն, որ ամրագրվել էր ազգերի ինքնորոշման իրավունքի (Արցախի կարգավիճակը հանրաքվեով լուծելու) սկզբունքը և ուժի կամ ուժով սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Փաստացի ստացվում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որում բնականաբար ներառվում է նաև Արցախի հարցը, առաջ է տարվում Եվրոպական Միության կողմից, ինչը վերին աստիճանի վտանգավոր ու անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։
Այս առնչությամբ շեշտվում է, որ․
• Եվրոպական Միությունը երբեք մանդատ չի ունեցել՝ զբաղվելու Արցախի հարցի կարգավորմամբ, ընդհակառակը, այն մշտապես հղում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, իսկ այսօր, փաստորեն, նրա աջակցությամբ ու միջնորդությամբ մեկնարկում են գործընթացներ (սահմանային հանձնաժողովի նիստ, արտգործնախարարությունների թիմերի աշխատանք պայմանագրի տեքստի վրա), որոնք անմիջաբար վերաբերում են հենց Արցախի հարցին, ընդ որում, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը իր ձևակերպումներով (Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգություն և իրավունքներ) կանխորոշում է Արցախի ադրբեջանանպաստ կարգավիճակը։
• Այս հանգամանքը հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանի դիվանագիտության պարտությունը և անկարողությունը՝ պահպանելու ԵՄ-ի հետ հարաբերություններում հայանպաստ պարիտետ՝ հաշվի առնելով, որ 2020թ․ նոյեմբերին նույն ԵՄ-ն հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ։
Մ․ Սողոմոնյանը շեշտեց նաև, որ Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի վերոնշյալ հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու, քանի որ այսօրվա նրա քայլերի բովանդակությունը շեշտակի հակասում են ոչ միայն հայ ժողովրդի ազգային-պետական շահերին, այլև մեկ տարի առաջ նրա իսկ նախընտրական ծրագրով ստանձնած պարտավորություններին»։