Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ»․ Արմեն Գրիգորյան

1868
Շաբաթ, 21 մայիսի, 2022 թ., 12:00
«Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ»․ Արմեն Գրիգորյան

Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա անդրադարձել է նաև հնչող քննադատությանը, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում․

Հարց. Մայիսի 22-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: Որոշ քննադատություն կա, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

Պատասխան. Դա առնվազն տարօրինակ քննադատություն է, որովհետև Ադրբեջանի հետ մեր քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է: Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր և Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են և ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի և անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում:

Հարց. Իսկ Բրյուսելում որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսվո՞ւմ է:

Պատասխան. Ոչ, որովհետև, օրինակ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետերի համանախագահությամբ և բարձրագույն մակարդակում ձեռքբերված պայմանավորվածությունների քննարկումները այդ ֆորմատով պիտի շարունակվեն: Նույնը կարելի է ասել նաև մյուս հարցերի մասին, որոնք ավելի մանրամասն քննարկվում են աշխատանքային ֆորմատներով: Հետեւաբար որևէ փաստաթղթի ստորագրում Բրյուսելում նախատեսված չէ: Ենթադրվում է, որ կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն: