Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.

«Արկադի Փելեշյան. ՔՊ-ի գողական գործընկերը». Մհեր Արշակյան

243
Կիրակի, 15 մայիսի, 2022 թ., 15:42
«Արկադի Փելեշյան. ՔՊ-ի գողական գործընկերը». Մհեր Արշակյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր խոշորացված համայնքի ժամանակավոր ղեկավարի պաշտոնում նշանակել է քրեական խոշորացված անցյալով մի մարդու, որը հաստատ ՔՊ-ի օրոք հրեշտակ չի դարձել։

Ամբողջ հայկական համացանցային հանրույթը խառնվել է իրար՝ էս ի՞նչ է անում վարչապետը, կարո՞ղ է սկսել է համագործակցել գողականների հետ։ Զարմանալի բան չկա։ Վարչապետը ոչ թե համագործակցում է քրեականների հետ, նա «ջոգել» է կառավարելի Հայաստանի ձեռագիրը, վանաձորցիները դա կփաստեն՝ իրենք չեն քնում, եթե մեկի փորը չեն թափում՝ աղջիկ թե տղա, մեր ու մանուկ, հեր ու որդի։ Մարդ են փնտրում, որ «վրեն» գողական խաղան։ Ու Նիկոլ Փաշինյանը հասկացել է հանրապետականների իշխանության 20-ամյա «էֆեկտիվության» խորքային պատճառը՝ տեղերում պետք է նշանակել քրեականներին։ Որովհետև ոչ մի նորմալ մարդ չկա։

Կասկած չկա, որ ես հեգնում եմ, ոչ թե արձանագրում։ Բայց երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա մականունով) դարձնում էր Սյունիքի մարզպետ, նրա հիմնավորումն այն էր, որ Սյունիքը քրեականացված մարզ է, և այնտեղ ուժեղ ձեռք է պետք, որը բոլոր քրեականներից ու գողականներից ավելի անպատժելի կլինի, ու ոչ մեկը չի կարողանա նրա մոտ «խաղեր տալ»։

Բացի դրանից, Լիսկա մականունով այդ մարդը բոլոր համապետական ընտրություններին իշխանության համար ապահովում էր ահռելի թվով քվեներ։

Ու սա էլ է գուցե հաշվի առել հաջորդ ընտրությունների համար դեռ 4 տարի ունեցող վարչապետը։ Որովհետև, գրողը տանի, ո՞րն է քո հիմնավորումը Փելեշյան մոգական ազգանունով գողականին «խոշորացված» Վանաձորի ղեկավար դարձնելը, ի՞նչ հարց ես ուզում լուծել։ Այսինքն՝ բացում ես էն փակված դարաշրջա՞նը, երբ պլստում էին բոլոր մկներն ու ձկները, այսինքն՝ էլ ՔՊ-ի ինտելեկտուալները հաշիվ չե՞ն։

Արկադի Փելեշյանը ողջ կյանքը ծառայեցրել է մարդ ծեծելուն ու քրեական գործեր շալակելու վրա, դու վանաձորցուն ի՞նչ ուղերձ ես տալիս՝ վախենալո՞ւ։ Դու ուզում ես, որ վանաձորցին էս գլխից իմանա՞ իր անելիքը, երբ ինչ-որ բանից կուզենա դժգոհել։ Այսինքն՝ քեզ ի՞նչն է վախեցնում՝ վաղվա բողոքող քաղաքացի՞ն։

Այսինքն՝ դու ընդդիմությանն ի՞նչ ես ասում՝ հանգիստ նստեք տեղներդ, ես քրեական տարրին եմ վերադարձնում իշխանությո՞ւնը։ Այսինքն՝ քրեականությունը դառնում է իշխանության կոալիցիոն գործընկե՞ր։

Իսկ իրական պատճառը, ընկերնե՛ր, այլ տեղ է։ Վաղը Նիկոլ Փաշինյանը Սուրիկ Խաչատրյանին կարող է նույնիսկ էկոնոմիկայի նախարար նշանակել, իսկ Գագիկ Խաչատրյանին՝ ԿԳՄՍ նախարար։ Զարմանալ պետք չէ։ Սա հիմարությունից չի արվում, և նախկին համոզմունքներից հրաժարվել չի նշանակում սա։

Ավելին, նրանց կարելի է պետություն «վստահել» նրանց դեմ պայքարի համոզմունքների շրջանակում։ Բայց ինչո՞ւ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքին իրականության հետ ունի զրո կապ, նա չգիտի, թե ով է Արկադի Փելեշյանը, արդեն չգիտի, թե ովքեր են Սուրիկ Խաչատրյանն ու Գագիկ Խաչատրյանը։

Ինքն իր առաջ այլ խնդիր է դրել՝ կարգավորել Հայաստանի հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, նա խոշորացված արտգործնախարար է, ոչ թե վարչապետ, նա գաղափար անգամ չունի, թե ում կարելի է իշխանություն վստահել և ում՝ չէ Հայաստանի ներսում, նա, ենթադրում եմ, նույնիսկ թքած ունի, թե ով ինչ է գռփում ու վատնում Հայաստանում։ Հայաստանի քաղաքացին Նիկոլ Փաշինյանի թեման չէ։

Վե՛րջ։ Ավարտվեցին ժամանակները, երբ իշխանությունը ՀՀ քաղաքացունն էր։ Հիմա քրեական տարրը կարող է վերադառնալ իշխանության, կարող է նաև չվերադառնալ։ Բայց վերադարձը ՔՊ-ի համար էլ ողբերգություն չէ։ Ինչո՞ւ։

Քրեականացված Հայաստանը դրսին տեսանելի չէ, Արկադի Փելեշյանին դրսում ոչ ոք չի ճանաչում, եթե պետք լինի՝ չեն ճանաչի նաև Գագիկ և Սուրիկ Խաչատրյաններին, դրսին տեսանելի է հարևանների հետ կոնֆլիկտ ունեցող Հայաստանը, ու Նիկոլ Փաշինյանը միայն մի առաքելություն ունի՝ կարգավորել ՀՀ հարաբերությունները իր ամենակոնֆլիկտային հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Գուցե դրանից հետո նա վերադառնա Հայաստան։

Մհեր Արշակյան, լրագրող, «Մեդիալաբի» սյունակագիր