Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 28 մայիսի, 2022 թ.

«Անտարես»–ի տնօրենի ծեծի գործով պարզվել է երկրորդ անձի ինքնությունը. ՔԿ

620
Շաբաթ, 14 մայիսի, 2022 թ., 16:54
«Անտարես»–ի տնօրենի ծեծի գործով պարզվել է երկրորդ անձի ինքնությունը. ՔԿ

«Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու գործով մեղադրյալ է ներգրավվել ևս մեկ անձ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է 2022 թվականի ապրիլի 27-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի ընթացքում «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրած երկրորդ անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1972թ. ծնված բնակիչ Ա.Ա.-ն է: Վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի ընթացքում մի խումբ մասնակիցներ, անտեսելով պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված պահանջները, բողոքի ակցիա իրականացնող այլ անձանցից առանձնանալու, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված՝ խախտել են հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք: Տեղեկացվել էր նաև, որ հիշյալ հավաքի մասնակից, Երևանի 42-ամյա բնակիչ Ա.Խ.-ն, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն էր գործադրել նշված վայրում քայլող՝ «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ և համապատասխան քրեական գործի շրջանակներում որոշում էր կայացվել՝ Ա.Խ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ հանրորեն վտանգավոր վերոնշյալ արարքը կատարելու համար: Վերջինս կալանավորվել էր:

Հավելենք, որ նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: