Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 21 մայիսի, 2022 թ.

«Քրեականացված է ոչ միայն հավաքին մասնակցելու, այլ դրան չմասնակցելու համար փող տալը». Դանիել Իոաննիսյան

510
Ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ., 22:36
«Քրեականացված է ոչ միայն հավաքին մասնակցելու, այլ դրան չմասնակցելու համար փող տալը». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Որպես ցույցին մասնակցելու համար փող տալը քրեականացնելու մտքի ու Քրեական օրենսգրքի այդ (163-րդ) հոդվածի համահեղինակ՝ ասեմ դրա իմաստը.

ժողովրդավարական հասարակությունում հավաքը (ցույցը, երթը) ժողովրդի կամարտահայտման գործիք է, որով ժողովրդի մի մասը, դե ֆակտո, կարող է ազդել հանրային կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա: Դա նաև սահմանադրական իրավունք է, որը հնարավորություն է տալիս հավաքն անցկացնելուց որոշակի չափով խոչընդոտել այլոց իրավունքների իրացմանը (օրինակ՝ փողոցը փակելով):

Ըստ էության՝ հավաքին մասնակցությունն ընտրությունների ժամանակ այս կամ այն ուժին (կամ հանրաքվեի ժամանակ այս կամ այն հարցին) կողմ քվեարկելու նման մի բան է. որքան շատ մարդ տվյալ կարծիքն արտահայտի (քվեաթերթիկով կամ հավաքին մասնակցելով), այնքան մեծ հավանականությամբ այդ հարցը կընդունվի:

Հավաքի մասնակիցների քանակը խոսում է նաև տվյալ հարցի կամ քաղաքական հոսանքի պոպուլյարության մասին:

Եթե ընտրության կամ հանրաքվեի ժամանակ պարզում ենք այդ գաղափարի (քաղաքական հոսանքի) բոլոր կողմնակիցների քանակը, ապա հավաքի ժամանակ պարզում ենք դրա ակտիվ կողմնակիցների քանակը:

Այդ պատճառով կարևոր է, որ ընտրությունների ժամանակ մարդիկ ընտրակաշառքով կամ պարտադրանքով չքվեարկեն, իսկ հավաքների ժամանակ «հավաքակաշառքով» կամ պարտադրանքով չարտահայտեն իրենց կարծիքը:

Բայց, բացի այդ, կա ևս մեկ՝ ինչ-որ առումով երկրորդային պատճառ: Հավաքի մասնակիցների իրավունքների ծավալը որոշակիորեն կախված է դրանց քանակից (այդ դիրքորոշումն ունի ՄԻԵԴ-ը): Այսպես, օրինակ, եթե 10 հոգու կողմից միջպետական ճանապարհ փակելն անընդունելի է, ապա, ասենք, 5 հազար մարդու կողմից փակելը՝ ամբողջությամբ լեգիտիմ: Ըստ այդմ՝ պետք է, որ որևէ մեկը չկարողանա արհեստականորեն ավելացնել հավաքի մասնակիցների թիվը՝ ապահովելով լրացուցիչ իրավունքներ, որոնց արդյունքում անհամաչափորեն կխախտվի այլ քաղաքացիների իրավունքները:

Այսինքն՝ գաղափարի համար հավաքի դուրս եկած մի քանի հազար մարդու կողմից փողոց փակելը նորմալ է, բայց չպետք է թույլատրել, որ մեկը մարդա մի քանի հազար դրամ բաժանի մեծաթիվ մարդկանց ու, ըստ էության, փողով փակի փողոցը:

Հ. Գ. Իմիջիայլոց, քրեականացված է ոչ միայն հավաքին մասնակցելու, այլ դրան չմասնակցելու համար փող տալն ու հավաքին մասնակցել կամ չմասնակցել պարտադրելը (այդ թվում՝ գործատուի կողմից)»: