Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 21 մայիսի, 2022 թ.

Արման Թաթոյանը Բրյուսելում քննարկումներ է ունեցել ԵԽ-ի Ադրբեջանի ու Հայաստանի հարցերով մշտական զեկուցողների հետ

179
Հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ., 21:12
Արման Թաթոյանը Բրյուսելում քննարկումներ է ունեցել ԵԽ-ի Ադրբեջանի ու Հայաստանի հարցերով մշտական զեկուցողների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրառումը․ Այսօր Բրյուսելում քննարկում եմ ունեցել Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ, իսկ երեկ՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ:
Զեկուցողներին եմ ներկայացրել փաստերն ադրբեջանական զինված ծառայողների կողմից Սյունիքում, Գեղարքունիքում, Երասխում Հայաստանի բնակիչների իրավունքների խախտումների (գողություններ, կրակոցներ, արոտավայրերի հրդեհում, տեսախցիկներով քաղաքացիական տների դիտարկում և այլն) մասին:
Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներն առանց որևէ իրավական հիմքի փակելու հետևանքով շրջակա գյուղերի բնակիչները կանգնել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:
Ավելին, ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները:
Խախտումների վերացման իրական լուծումը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից՝ խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը որևէ կերպ չի նվազել:
Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին:
Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:
Մանրամասն ներկայացրել եմ Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների խախտումները (գրեթե ամենօրյա դարձած կրակոցները, գողությունները և այլն) Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների հիման վրա:
Փոխանցել եմ նաև հայ գերիների խոշտանգումների (այդ թվում՝ նոր ձևերը) վերաբերյալ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները (արհեստական դատավարություններ, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով և այլն)»: