Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Դադիվանքում շարունակում են մեկուսացած մնալ 5 հայ հոգևորականներ

414
Երեքշաբթի, 18 հունվարի, 2022 թ., 21:20
Դադիվանքում շարունակում են մեկուսացած մնալ 5 հայ հոգևորականներ

Դադիվանքը դեռ չի ընդունում հայ ուխտավորներին, հայտնի չէ՝ երբ կկարողանան ուխտագնացները պատարագի մասնակցել հինավուրց վանքում։ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Դադիվանքում շարունակում են մեկուսացած մնալ 5 հայ հոգևորականներ։

«Մեր 5 հոգևորականները միշտ այնտեղ են։ Մուտք չեն գործել միայն ուխտավորները՝ մայիսից։ Հոգևորականներն այնտեղ են, իրենց ծառայությունը մատուցում են ըստ արժանվույն, ըստ պատշաճի»։

Հինգ հոգևորականների հետ առաջնորդը կապի մեջ է՝ թե հոգևոր, թե հեռախոսով։ Նրանք, անհրաժեշտության դեպքում այցելում են Ստեփանակերտ ու Երևան, ապա կրկին վերադառնում վանք։ Նրանց հետ Դադիվանքի տարածքում մի քանի տասնյակ ռուս խաղաղապահներ կան։

«Նրանք մեր ծառայողներն են։ Վանականներն իրենց վանական կյանքի մեջ են, երբ անհրաժեշտ է լինում՝ այցելել՝ Երևան կամ Ստեփանակերտ, մենք արտոնում ենք, իրենք գալիս են, գործերն անում ու վերադառնում, բայց նրանք մշտապես իրենց ծառայության վայրում են։ Իրենք չեն շփվում ադրբեջանցիների հետ, հոգևորականներն իրենց բոլոր գործառույթներն իրականացնում են խաղաղապահների հետ»։

Տեր Վրթանեսը հայտնել է, որ հոգևորականների խորհուրդն աղոթելն է, ժամերգություններ ու պատարագներ իրականացնելը։ Հիշում է՝ ժամանակին ուխտավորներ էին այցելում վանք, մկրտության, օրհնության կարգ էր մատուցվում։

Ուխտավորների մուտքը արգելելու պատճառների մասին Տեր Վրթանեսը չգիտի։ Հայ ուխտավորներն, օրինակ կարողանում են խաղաղապահների ուղեկցությամբ այցելել Ամարասի վանք։ Տեր Վրթանեսը նշեց, որ Ամարասը արգելված գոտի չէ, խաղաղապահների հետ հնարավոր է մուտքը, որտեղ ամեն կիրակի պատարագ է, ի տարբերություն Դադիվանքի, որն այս պահին Արցախի տարածք չի համարվում։

«Իրենք չեն թողնում և վերջ, առանց պատճառաբանության։ Ոչինչ չեն ասում։ Խաղաղապահները վանքի տարածքում են գտնվում, միասին են ապրում, անշուշտ, սենյակները տարբեր են, առանձնացված են՝ նրանք զինվորական, իսկ հոգևորականները՝ հոգևոր ծառայություն են իրականացնում։ Թե ի՞նչ է մտածում ադրբեջանական կողմը՝ երկրորդական հարց է, մենք մեր անելիքներն ենք անում»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: