Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 21 մայիսի, 2022 թ.

«Փաշինյանը Սփյուռքի և Արցախի հետ խորքային-գործնական հարաբերություններից խուսափում է». Նարինե Դիլբարյան

429
Երեքշաբթի, 18 հունվարի, 2022 թ., 22:24
«Փաշինյանը Սփյուռքի և Արցախի հետ խորքային-գործնական հարաբերություններից խուսափում է». Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը. «Հայ-թուրքական բանակցությունների առաջին գործողություն-արարից հետո, երբ դիտարկում ես նաև Սերդար Քըլըչի և Թուրքիայի բարձրագույն իշխանության քայլերը նույն ժամանակահատվածում, մի քանի խնդիր ակներև է դառնում. 1. ՀՀ ներկայիս իշխանությունը չունի հստակ, փուլ առ փուլ մշակված հայեցակարգ կամ ծրագիր Թուրքիայի հետ նվազագույնը սահմանների բացման և տնտեսա-քաղաքական տարրական անհրաժեշտ հարաբերություններ հաստատելու, հետպատերազմական այս վիճակում հնարավոր զիջումներ ստանալու համար, առկա է միայն զգայական մեծ, մանկական ցանկություն Թուրքիայի հետ հարաբերվելու, որպեսզի միջազգային հանրությանն ու սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական ընկճախտում հայտնված հայ բնակչության մի մասին ապացուցեն, թե իրենք մեծ տարածաշրջանային խնդիրներ կարող են լուծել, ոչինչ, որ պատերազմում պարտվել են, պետության սահմանների և տարածքային անձեռնմխելիության խնդիրը չեն կարողանում լուծել, Արցախյան հակամարտության կարգավորումը հասցրել են վտանգավոր կազմաքանդման աստիճանին, այստեղ կփորձեն հաջողել, բեկում ապահովել,

2. չափազանցված են ՀՀ քաղաքացիական և քաղաքական հանրության այն հատվածի անկեղծ կամ քաղաքական պատճառներով թելադրված մտավախությունները, թե Ռուբեն Ռուբինյանին ուղղվող քննադատությունը թուլացնում է Հայաստանի դիրքերը, մեր դիքերն այնտեղ ի սկզբանե՝ 44-օրյա պատերազմից և դրա սողացող տարբերակի շարունակության պայմաններում, շատ երերուն են, Թուրքիան էլ ստիպված է Արևմուտքի դրդմամբ ինչ-որ բանակցային քայլեր անելու, որպեսզի ապացուցի, թե միայն զավթիչ, ահաբեկիչ, ապակառուցողական պետություն չէ: Թուրքիան տեսական և գործնական մակարդակներում շահագրգիռ չէ Հայաստանի հետ հարաբերությունների իրական հավասարակշռմամբ, Էրդողանի գործունեության նպատակը Հայաստանի անկյալ, պարտված իրավիճակի միջազգային քաղաքական, դիվանագիտական ամրագրումն է և նրանից առավելագույն զիջումների կորզումը:

Այս երկու պնդումները հաստատվում եմ կողմերի ներկայացուցիչ բանագնացների շատ տարբեր վարքով: Այսպես՝ Քըլըչը մինչ ՀՀ ներկայացուցչի հետ հանդիպելը և հանդիպելուց հետո, թուրքական մամուլի հրապարակային լուրերի համաձայն, հանդիպել է կառավարության առանցքային անդամների հետ՝ ռազմական գերատեսչություն, արտաքին քաղաքականություն, շաբաթավերջին էլ նախատեսվում է Թուրքիայի կառավարության նիստ, որտեղ քննարկվելու են առաջին հանդիպման արդյունքերը և հետագա ծրագիրը: Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում միայն նյարդային, անպատեհ բախում, իրականում տղայա-բակային կռիվ հիշեցնող միջոցառումից հետո նշեց, թե ինքը քննարկումներ ոլորտի պատասխանատու փորձառու դեմքերի հետ ունեցել է, հատուկ աշխատանքային խումբ է ձևավորված այս առքելությամբ: Պարզ չէ՝ ինչու դրա մասին հրապարակային չի ասվել, բնավ հարկ չկար քննարկում-խորհրդատվությունների բովանդակությունը բացահայտել, կարևորը դեմքերի ու փաստի հրապարակայնացումն էր: Ընդ որում, եթե Թուրքիան անընդմեջ շեշտում է, որ իրենք հայ-թուքական հարաբերությունների առնչությամբ մշտական կապերի մեջ են Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ Հայաստանը նույն դիվանագիտական հետևողականությամբ չի հայտարարում, որ ՀՀ-ն իր հերթին հայկական սփյուռքի և Արցախի ներկայացուցիչների հետ պարբերական խորհրդատվությունների մեջ է: Պատասխանը թերևս միանշանակ է, Փաշինյանը Սփյուռքի և Արցախի հետ խորքային-գործնական հարաբերություններից խուսափում է: Բայց Թուրքիայի հետ գործնական բարեկամական կապեր հաստատելուց առաջ, կամ գոնե զուգընթաց անհրաժեշտ է գործնական ամուր կապեր, փոխգործակցություն հաստատել հայկական երկրորդ պետականության և Սփյուռքի ազդեցիկ դեմքերի ու կառույցների հետ: Հաջողության միակ ճանապարհը համահայկական միավորումն է»:

Աղբյուրը`   Նարինե Դիլբարյան