Երևան`   +2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.

«Ալիևը պետք է քաղաքական խնդիրներ ունենա իր մարդասպան քաղաքականության հետևանքով»․ Հակոբ Բադալյան

180
Չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ., 12:54
«Ալիևը պետք է քաղաքական խնդիրներ ունենա իր մարդասպան քաղաքականության հետևանքով»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Ցավագին նոր կորուստ սահմանին: Բոլորն արդարացիորեն հարցնում են, թե երբ պետք է ավարտվի այդ ամենը: Որպես ավարտի տարբերակ շատ է նշվում «պատժի» մասին, որ ամեն զոհի դիմաց պետք է նույն կերպ խոստորեն պատժենք թշնամուն ու էլ չի անի:
Պետք է պատժենք եւ սա նույնիսկ ռազմական գործի աքսիոմ է: Այստեղ թերևս քննարկելու հարց էլ չկա:
Հարցը առաջանում է այնտեղ, երբ այդ պատժելու հանգամանքը ներկայացվում է որպես նոր զոհերից խուսափելու լուծում: Այսինքն, թերևս հարց էլ չի առաջանում, այլ մեծ հակասություն, որովհետև պատիժ ասածը հենց ինքնին նշանակելու է նոր զոհերի բարձր հավանականություն: Կա դրա առնվազն երկու պատճառ: Նախ, ուժերի հարաբերակցությունը, մեղմ ասած, այնպիսին չէ, որ Ադրբեջանն էլ իրեն «չվերապահի» պատժի իրավունք: Եվ երկրորդ, ու թերևս այդ առումով առանցքայինը՝ Ալիևի նպատակը հենց այդ «փակ շրջանի» պահպանումն է, որ նա ձևավորեց վերջին նվազագույնը տասնամյակում՝ ակտիվորեն կիրառելով մարդասպան շանտաժի գործիքը: Ու, եթե սրան էլ գումարենք այն, որ նա ինքն էլ այսօր գործիք է ավելի խոշոր խաղացողների համար՝ նվազագույնը իր այսպես ասած հաղթանակի պարտատերերի համար, ապա «փակ շրջանը» դառնում է ակնառու:
Ալիևն իր այդ քաղաքականության համար ապահովել է փակ հասարակություն և թնդանոթի մեծ քանակի «միս»: «Մսի» հարցում նաև նրան օգնել է Էրդողանը՝ վարձկաններով: Նա հենց սպասում է «պատժի», որ ավելի լավ աշխատեցնի իր ակնկալած «փակ շրջանը»:
Ըստ այդմ, մենք իսկապես պետք է կարողանանք լուծել մեր տղերքի կյանքի անվտանգության հարցը, և դա բնականաբար սպառազինության ու ինժեներական ամրության դաշտում է: Իսկ ավելի լայն իմաստով «փակ շրջանի» հարցի լուծումը քաղաքական տիրույթում է: Ո՞րն է: Սա ամենաբարդն է, բայց հենց այդ ամենաբարդի հնարավոր օպտիմալ, ռացիոնալ, շահավետ տարբերակների վրա է, որ պետք է աշխատվի Հայաստանում: Բայց խոսքը խորքային, կոնցեպտուալ աշխատանքի մասին է, ոչ թե այս օրերին նկատվող, պայմանական՝ «բա ուր է ՀԱՊԿ»-ը, բա որ ասում եմ ճիշտը ՆԱՏՕ-ն» տրամաբանության:
Է հասկացանք, չկա, չի լինելու, նորություն է՞: Եվ պարզ է չէ, որ քաղաքական, անգամ աշխարհաքաղաքական առումով այնպիսի վիճակ է, որ այդօրինակ կատեգորիաներով լուծումներ պատկերացնելը ուղղակի քաղաքական աննհամարժեքություն է, երբ տեսնում ես ինչպես են միմյանց վերջնագրեր ներկայացնում Արևմուտքից Արևելք ու Հարավից Հյուսիս: Հիմա ամեն առիթով հինգ հազարերորդ անգամ էդ մասին խոսելիս լայքերի քանակից բացի, որևէ բան փոխվում է՞:
Ալիևը պետք է քաղաքական խնդիրներ ունենա իր մարդասպան քաղաքականության հետևանքով, որպեսզի հրաժարվի այդ քաղաքականությունից: Հիմա այդ հարցի խորքային պատասխաններ մշակելը պետք է լինի մեր զբաղվունքը՝ կրկնեմ, ռազմական առումով թշնամուն «հասանելիքը» ապահովելուն զուգահեռ, որովհետև մարդասպան շանտաժին տեղի տալն էլ ընդամենը բացում է նոր շանտաժի ճանապարհ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան