Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ջո Բայդենի խորհրդականի հետ

1218
Հինգշաբթի, 16 դեկտեմբերի, 2021 թ., 10:12
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ջո Բայդենի խորհրդականի հետ

ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտնում է․
«Դեկտեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
Հանդիպման սկզբում կողմերը միմյանց են փոխանցել իրենց երկրների առաջնորդների՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Բայդենի ողջույնի խոսքերը։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում քննարկվել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունները, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման համար։
Կողմերը արձանագրել են ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների ձեռքբերումները, որոնք առանձնահատուկ դերակատարություն ունեն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում։ Այս առնչությամբ, Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Սալիվանին «Հանուն ժողովրդավարության գագաթաժողով»-ին Հայաստանին հրավիրելու կապակցությամբ, ինչը նաև այդ հաջողությունների փաստացի արձանագրումն է։
Հանդիպման վերջում Արմեն Գրիգորյանը հրավիրել է Ջեյք Սալիվանին այցելել Հայաստան»։