Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

44-օրյա պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենն ապօրինի պահելու գործի նախաքննությունն ավարտվել է

420
Երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ., 14:12
44-օրյա պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենն ապօրինի պահելու գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 38-ամյա տղամարդը հանդիսանալով համայնքապետարանի աշխատակից 2020թ. Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ համայնքապետարանի կողմից լիազորվել է իրականացնել առաջնագծում գտնվող դիրքապահներին անհրաժեշտ սնունդ և պարագաներ մատակարարելու գործառույթը: 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, կատարելով ստանձնած պարտականությունները, Քարվաճառում գտվող «Թարթառ» գետի մոտակայքից գտել է հրազեն հանդիսացող «ТОЗ-8» մոդելի «32116» համարի 5,6մմ տրամաչափի սպորտային-որսորդական ակոսափող հրացան, որն ապօրինի կերպով փոխադրել և պահել է իր տանը կից ավտոտնակում: Նշված հրազենը խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: