Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Քաղաքապետն ու մարզպետը մեղադրել են միմյանց. «Փաստ»

260
Երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ., 09:30
Քաղաքապետն ու մարզպետը մեղադրել են միմյանց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Այս կիրակի Հայաստանում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կազմակերպվում են ցուցակների առաջին համարների մասնակցությամբ հեռուստաբանավեճեր: Մասնավորաբար, Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի՝ քաղաքապետի թեկնածուների մասնակցությամբ նման մի բանավեճ օրերս տեղի է ունեցել Լոռու մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ:

Թերթի տեղեկություններով, բանավեճը բավական լայն արձագանք է ստացել, Վանաձորում հատկապես բուռն քննարկման առիթ է դարձել այն հանգամանքը, որ սուր հակադրության մեջ են մտել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը գլխավորում է իր անունը կրող ցուցակը, և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, որը գլխավորում է ՔՊ-ի ցուցակը: Լոռու մարզպետը Ասլանյանին մեղադրել է վատ աշխատանքի մեջ, իսկ վերջինս իր հերթին Խաչատրյանին մեղադրել է քաղաքական դրդապատճառներով մեծ թվով ղեկավար պաշտոն զբաղեցնողների աշխատանքից ազատելու մեջ:

Մամիկոն Ասլանյանը եթերում նույնիսկ թվարկել է անուններ: Ի դեպ, թերթի ունեցած տեղեկություններով, ոչ միայն այս բանավեճից, այլև բակային հանդիպումներից հետո Արամ Խաչատրյանի հաղթելու շանսերը էլ ավելի են փոքրացել: Փոխարենը, ըստ թերթի աղբյուրների, բավականին բարձրացել է «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վահե Դոխոյանի վարկանիշը, որն, ի դեպ, ըստ վանաձորցիների, նշյալ հեռուստաբանավեճի ժամանակ էականորեն տարբերվել է իր հավասարակշռված պահվածքով, տրամաբանված խոսքով:

Վանաձորում նաև խոսում են, որ բանավեճի ժամանակ բավական լավ տպավորություն է թողել նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Անդրանիկ Ղուկասյանը: Հավելենք, որ գրանցված տասը ուժերից բանավեճին մասնակցել են վեցի ներկայացուցիչները:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում