Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ցավ եմ ապրում անվստահության խոսակցությունների ու արձագանքների համար». Արմեն Սարգսյան

321
Շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ., 12:48
«Ցավ եմ ապրում անվստահության խոսակցությունների ու արձագանքների համար». Արմեն Սարգսյան

Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Բացելով նիստը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այն անցկացվում է փորձություններով ու մարտահրավերներով լի բարդ ժամանակահատվածում՝ ի դեմս Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի, Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիայի, ինչպես նաև համավարակի հետևանքների:

«Բնականաբար, իրավիճակը և իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության և աշխատանքների վրա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Հիմնադրամի աշխատանքների ուղղվածությունը ենթարկվել է իրավիճակով պայմանավորված չնախատեսված սրբագրումների: Այսօրվա նիստում կտեղեկացվի նաև այդ մասին:

Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, որպես հիմնադրամի նվիրատու և որպես հայ, ցավ եմ ապրում անվստահության խոսակցությունների ու արձագանքների համար: Ակնկալում եմ, որ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները լույս կսփռեն իրավիճակի վրա և կծառայեն վստահության մթնոլորտի ձևավորմանը: Հիմնադրամն անցել է երկար ու դժվարին ճանապարհ և պետք է ամեն ինչ անի՝ սխալներն ու թերությունները շտկելու, վստահությունը վերականգնելու համար:

Մյուս կողմից, ավելի է հասունացել հիմնադրամի արդիականացման պահը: Պետք է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ, գտնել կազմակերպական նոր մոդելներ»,- ասել է նա:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը