Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Սոչիում ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի հերթական նվաստացումն է». Լիլիթ Գալստյան

402
Շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ., 15:18
«Սոչիում ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի հերթական նվաստացումն է». Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը. «ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԻՆՉՊԵ՞Ս Է ԼԻՆՈՒՄ

Սոչիում ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի հերթական նվաստացումն է, մեր ազգային շահերի հաշվին թուրքադրբեջանական իղձերի անվերապահ սպասարկումը։

ա/ Ոչ մի խոսք Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական զորքերի արդեն վեցերորդ ամիսը շարունակվող ներխուժման, դե ֆակտո ադրբեջանական ագրեսիայի մասին։

բ/ «Ի շահ Հարավային Կովկասի կայունության․․․»՝ նշում է հայտարարությունը, իսկ որտե՞ղ է Հայաստանի, Արցախի և առհասարակ հայ ժողովրդի շահը։ Ոչ մի խոսք գերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի մասին։

գ/ Ոչ մի խոսք միջազգային իրավական նորմերով, հանրաքվեով հիմնավորված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի կարգավիճակի մասին։ Սա, ըստ էության, նշանակում է լռելյայն համաձայնել Արցախի հարցը փակված համարող Ալիևի հռետորաբանությանը։ Սա նշանակում է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ խմբի առաքելության դենոնսացիա․ եթե ՀՀ-ը չի հետամնդում իր ազգային ու պետական շահերը, միջազգային կառույցներից ի՞նչ ակնկալություն․․․

դ/Ոչ մի գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսիային․ ըստ էության, մեկ տարի հետո դարձյալ լեգիտիմացվում է թուրքադրբեջանական ագրեսիան և հետագա իրավական և դիվանագիտական հարթակներում թուլացնում, ավելի շուտ՝ չեզոքացնում է ՀՀ պահանջատիրությունը։

ե/Ոչ մի խոսք Արցախի ժողովրդի ապրելու իրավունքի և անվտանգության երաշխիքների մասին։

զ/ Ոչ մի խոսք Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման կամ պղծման մասին։

է/ «Տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտում և տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակում» ահա այս առաջին հայացքից անմեղ հաստատման տակ թաքնված Հայաստանի հերթական նվաստացման, յուրացման և ոչնչացման ծրագիրը, որ մեզ բաժին հանեց ազգակործան ուրացողը։ Այսպիսին է նիկոլի իշխանության գինը, մեր ԱՆԱՊԱԳԱ հեռանկարը։

ՊԱՅՔԱՐ և ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ...»:

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան