Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ.

Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավորի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը

166
Չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ., 10:36
Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավորի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով 2020թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:

Քրեական գործը, ըստ ենթակայության, ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ, որտեղ կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորրվել էր, որ Հրանտ Դավթյանը, 2018թ. հունիսի 20-ից մինչև 2019թ. հունվարի 14-ը, հանդիսանալով ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր և կրելով գույքի և շահերի հայտարարագրման պարտականություն, 2018թ. հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաև 2019թ. հունիսի 11-ին պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ գույքերի մասին տվյալները:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է նաև, որ նրա որդին՝ Արսեն Դավթյանը ևս, նույն ժամանակահատվածում հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձ և ունենալով հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում իր գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականություն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և եկամուտների մասին 2018թ. հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ և շարժական գույքերի, դրանց շարժի, ֆինանսական պարտավորությունների մասին տվյալները։

Նշված հանցավոր արարքները կատարելու համար նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ անջատված մասով, գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2021թ ապրիլի 28-ին Գլխավոր դատախազությունից ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Դատարանը, քննության առնելով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը, 2021թ. նոյեմբերի 10-ին որոշում է կայացրել Արսեն և Հրանտ Դավթյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ իրադրության փոփոխման հիմքով:

ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և ուսումանսիրվել է հիշյալ դատական ակտը: Հաշվի առնելով, որ այդ հիմքով և այդպիսի որոշման կայացումն անհիմն է, դրա դեմ կներկայացվի բողոք ՀՀ վերաքննիչ դատարան:

Ընդ որում՝ դեռևս նախաքննության ավարտական փուլում պաշտպանի կողմից մեղադրյալների նկատմամբ նույն հիմքով և հիմանվորումներով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություններ էր ներկայացվել գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, որոնք համապատասխան հիմնավորումներով մերժվել էին:

Վերաքննիչ բողոքը ներկայումս նախապատրաստման փուլում է»:

Աղբյուրը`   Գոռ Աբրահամյան