Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ.

«Խառը բառակույտով քողարկված մի քանի կարևոր ու շատ վտանգավոր ուղերձ տրվեց». Արթուր Խաչատրյան

285
Երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ., 23:48
«Խառը բառակույտով քողարկված մի քանի կարևոր ու շատ վտանգավոր ուղերձ տրվեց». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևի հետ հանդիպումների նախաշեմին այս «անկեղծ» զրույցը պատահական չէր։ Խառը բառակույտով քողարկված մի քանի կարևոր ու շատ վտանգավոր ուղերձ տրվեց հայ հասարակությանը։ Դրանց ավելի մանրամասն վաղը կանդրադառնամ, բայց մի քանիսի մասին հիմա կուզեմ խոսել։
- «Արցախի համար կռիվ արեցինք, բայց դե դեռ 91 թվին էր այդ հարցը լուծված»։ Երկար ու սրտաճմլիկ խոստովանություններ, թե միգուցե արժեր քաղաքական կամք դրսևորել, ասել որ 30 տարվա տառապանքը իզուր էր, և այլն։ Ինչու՞ այդ հարցին հիմա անդրադարձավ։ Հասարակությանը կանգնացրեց ընտրության առջև․ «կամ էլի մի կռիվ կլինի կամ պետք է հաշտվեք մի իրողության հետ, որը դեռ 30 տարի առաջ էր ձևավորվել»։ Այս կեղծ ու դեմագոգիկ պնդումն իրականության հետ որևէ աղերս չունի։ Հայաստանն առանց Արցախի ապագա չունի, Արցախի կորստի հետ երբեք Հայաստանը չէր համաձայնվել ու չի էլ կարող հրաժարվել։
- Հայաստանը գնում է սահմանորոշման Ադրբեջանի հետ։ Պատերզմում խոցոտված, թուլացած, տնտեսական կոլապսի եզրին կանգնած ու որևէ բանակցային ուժ չունեցող Հայաստանը պատրաստվում է բանակցել իր կենսական տարածքների շուրջ։ Ինչու՞։ Ինչու" սահմանազատումը դարձավ առանձին օրակարգ։ Երկրները գծում են իրար միջև սահմանները, երբ նրանց միջև բոլոր հարցերը լուծված են։ Փաշինյանը սայլը կապում է ձիու առջևից։ Ավելին, նա սահմանազատումը զատում է Արցախի հարցից։ Դա կործանում է։ Եթե Հայաստանը միլիմետրի ճշտությամբ գիտի որն է իր տարածքը, իսկ այդ տարածքը Սովետական Հայաստանն է, ապա սահմանազատումն ու սահմանագծումը դառնում են տեխնիկական հարց։ Գլխավորը, Արցախի հարցն էլ չի կարող խոչընդոտել Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմանը։
- Ադրբեջանը միջանցք կստանա։ Հայաստանը դա միջանցք չի կոչի, բայց Ադրբեջանը ցամաքային կապ կունենա Նախիջևանի ու Թուրքիայի հետ։ Դա կներկայացվի որպես պարզ ճանապարհ, որը կլինի համաշխարհային ճանապարհային ցանցի մի մաս (տե՛ս թյուրքական պետությունների կազմակերպության վերջին հայտարարությունը)։ Չգիտեմ ինչ ռեժիմ կգործի ճանապարհի երկայնքով, բայց ինչով այդ ճանապարհը կտարբերվի միջանցքից՝ պարզ չէ։ Ըստ էության դա հենց միջանցք է։
- Թուրքերը մայիսի 12-ին մխրճվեցին Հայաստանի տարածք, որովհետև «բանակը զբաղված էր քաղաքականությամբ»։ Հիշեցնեմ, որ բարձրաստիճան գեներալներ ու սպաներ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, երբ վերջինս, առանց որևէ հիմնավորման, աշխատանքից ազատեց գեներալ Տիրան Խաչատրյանին։ Այդ ընթացքում որևէ լարվածություն սահմանին չկար ու մայիսի դեպքերը Օնիկ Գասպարյանի ու այլոց հայտարարության հետ կապելը, մեղմ ասած (շատ շատ մեղմ ասած) իրականության հետ որևէ կապ չունի։ Նաև հիշեցնեմ, որ ադրբեջանական ագրեսիայի բառացիորեն մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանը կահավորված է ու ամրացված։ Բայց դե Փաշինյանի համար իրենից բացի բոլորը մեղավոր են։
- Քանի որ Թուրքիան երբեք չի հայտարարի, որ ուզում են հայերին ցեղասպանել, այլև նույնիսկ ժխտում է, թե 1915 թվին ցեղասպանություն է եղել, ուրեմն կեցցե հայ-թուրքական հաշտությունը։
Այնպես որ, սիրելի հայ ժողովուրդ, պատրաստ եղեք ծանր որոշումների։ Բայց կա այլընտրանք՝ դիմադրել ու կանխել Հայաստանի ու Արցախի հանրապետությունների կործանումը»։

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան