Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ԱԺ-ում քննարկվել է քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետների կրճատման նախագիծը

309
Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ., 15:00
ԱԺ-ում քննարկվել է քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետների կրճատման նախագիծը

Հոկտեմբերի 26-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ առաջարկվում է ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

Առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն է նախատեսվում օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում: Հստակեցվում են երեխաների քաղաքացիության դադարեցման հետ կապված հարաբերությունները, կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռքբերելու դեպքում քաղաքացիության դադարեցման գործ հարուցելու ընթացակարգը, ինչպես նաև քաղաքացիության դադարեցման վերաբերյալ կարգավորումները: Նախագծով կրճատվում է քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը՝ 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են հայերենին չտիրապետելու հիմքով քաղաքացիությունից զրկելուն, ՀՀ քաղաքացիություն շնորհվելուց հետո հայերենի տիրապետման անհրաժեշտությանը, օտարերկրյա քաղաքացիների համար ՀՀ-ում բնակվելու հնարավորություններին, քաղաքացիությունից հրաժարվելու ընթացակարգերին:

Արա Ֆիդանյանի տեղեկացմամբ՝ հին նմուշի անձնագիր տրվել է 3 մլն 199 հազարից ավելի անձի, ներկայում ժամկետի մեջ է 2 մլն 386 հազարից ավելի անձնագիր: Նշվել է, որ անհրաժեշտ է բավականին ժամանակ՝ անցում կատարելու կենսաչափական բնույթի անձնագրերի, տեղեկանում ենք ԱԺ կայքից: