Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին

240
Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ., 16:36
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ի նիստում քննարկել է ««ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ: Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին: Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցությունն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման, արտահանման և ներմուծման ծավալների, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա:

Էկոնոմիկայի նախարարության կողմից փորձ է արվել գնահատել տնտեսության եւ առանձին ճյուղերի վրա 5 հանգստյան օրերի՝ որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը: Գնահատման արդյունքներով համախառն ներքին արդյունքը կավելանա 123 մլրդ դրամով, որից առևտրրի թողարկումը կավելանա 47.5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը՝ 35.4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը՝ 33.9 մլրդ դրամով: Գյուղատնտեսության և շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 և 2.9 մլրդ դրամով:

Հարցուպատասխանի ձևաչափում պատգամավորները փորձել են պարզել ոչ աշխատանքային օրերը կրճատելու հիմնավորվածությունը: Կարծիք է հնչել, որ անցումային շրջանում դա պետք է վերաբերի միայն հանրային ծառայողներին: Առաջարկվել է հունվարի 2-ը և 7-ը ևս ներառել ոչ աշխատանքային օրերի ցանկում: Նշվել է, որ պետք էր քաղաքացիներին նախապատրաստել այդ փոփոխություններին, այս փուլում անցումային դրույթներով կարգավորել խնդիրը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տնտեսական աճի արձանագրման տեսանկյունից կարևորել է նախագծի ընդունումը: Նրա խոսքով՝ մեր երկրում անգամ աշխատանքային օրերի փոփոխության պարագայում օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ աշխատանքում խնդիրներ են առաջանում: Վլադիմիր Վարդանյանը մեջբերել է օրինակներ միջազգային փորձից: Նա առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում կներկայացնի առաջարկներ:

5 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջարկն ընդունվել է հանձնաժողովի կողմից:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից: