Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ.

«Օրինախախտ «դիվանագետ»-ը». Էդգար Ղազարյան

115
Հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ., 09:48
«Օրինախախտ «դիվանագետ»-ը». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրինախախտ «դիվանագետ»-ը

«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 44-ով սահմանվում են դիվանագիտական ծառայության հետ կապված սահմանափակումներ։ Մասնավորապես՝ այդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում է, որ դիվանագետն իրավունք չունի խախտելու քաղաքական զսպվածության սկզբունքը՝ զբաղվելու կուսակցական գործունեությամբ կամ իր ծառայողական դիրքը կամ աշխատանքային միջոցներն օգտագործելու կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու։
Սա, հավանաբար, չի վերաբերվում ՀՀ Սահմանադրությունը և օրենքները խախտելը կենսակերպ դարձրած ներկա իշխանություններին։ Անգամ այդ գործում հաջողությունների չհասած Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցչուհին, ով միայն այդ հանգամանքով պայմանավորված նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և առանց դիվանագիտական ծառայության համակարգում մեկ օր աշխատելու վարչապետի միջնորդությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի բարձրագույն դիվանագիտական աստիճան, շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Նա դեսպանի պաշտոնում նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին, հաջորդ օրը ստացել է բարձրագույն դիվանագիտական աստիճան, մեկնել է ծառայության վայր, իր հավատարմագիրն է հանձնել ԱՄՆ Նախագահին, սակայն շարունակում է զբաղվել կուսակցական գործունեությամբ՝ խախտելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը»:

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան